Գործադիրի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը՝ գնաճի պատճառ. Բաբկեն Պիպոյան


13:50 , 8 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Տարբեր ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված գնաճից հետո ուսումնասիրելով միջազգային շուկայում գների փոփոխությունները՝ պարզվել է մեկ բան, որ, ըստ էության իրական պատճառ գնաճի համար չունենք»,-  այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված գնաճին:

Նրա խոսքերով՝ սա բացառապես հակամրցակցային մարմնի և գործադիր իշխանության ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն է:

«Այնտեղ, որտեղ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող, որտեղ կան մենաշնորհներ, մրցակցային մարմինը պետք է կարգավորի գները, իսկ այնտեղ, որտեղ չունենք գերիշխող դիրք ունեցողներ, ապա այստեղ գործադիր իշխանությունը պետք է մշակի համապատասխան զսպաշապիկներ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ գործադիր  իշխանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը բերում է նրան, որ հանրապետությունում օր-օրի արձանագրում ենք հերթական գնաճը և փորձում ենք դրա համար որևէ պատճառ բերել՝  հետընտրական, նախընտրական շրջան, ամանոր և այլն:

«Մինչդեռ գոյություն ունի մեկ բան. համապատասխան մարմինը՝ ի դեմս գործադիրի և հակամրցակցային մարմնի, միշտ պետք է ձեռքը դնի պուլսի վրա և մշակվեն համապատասխան զսպաշապիկներ: Ավելին, երբ գործադիրն ասում է՝ ի՞նչ անենք, որ ունենք գնաճ, սա շատ ավելի վտանգավոր է, քան եթե ասի, որ չեմ ցանկանում միջամտել գների կարգավորմանը: Եթե ասում են՝ չենք ցանկանում միջամտել, դա գոնե հույս է տալիս, որ գիտեն ինչ անել, բայց չեն անում»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ