17:45 , 8 ապրիլ, 2017
1919-1933 թվականներին ԱՄՆ-ում արգելված էր ալկոհոլ օգտագործել կամ արտադրել, սակայն ոմանք ինքնաշեն սարքերով կարողանում էին օղի թորել։ Արգելանքի պատճառով նրանք գնում էին անտառի մի մութ անկյուն ու գաղտնի պատրաստում օղի կամ Մունշայն կոչվող վիսկի։ Սակայն իրավապահներն ապօրինի ալկոհոլային խմիչք պատրաստողներին հաճախ կարողանում էին շատ հեշտությամբ բռնել՝ հետևելով անտառի ցեխոտ ճանապարհներին թողած հետքերը։ Այդ իսկ պատճառով ապօրինի օղեգործներն ստիպված էին այնպիսի մի բան մտածել, որ ոստիկանները չկարողանան նրանց գտնել։ Այդպիսով՝ նրանք որոշեցին իրենց ոտնահետքերը փոխարինել կովերի սմբակներով։
Կենդանական ոտնահետքերը սովորաբար խճճում էին ոստիկաններին, ովքեր սկզբնական շրջանում, տեսնելով այդ հետքերը, չէին էլ կասկածում, որ դրանք մարդիկ են արել։ Սակայն երբ ոստիկանները հանկարծ գլխի էին ընկնում, ապա ապօրինի ալկոհոլային խմիչքներ պատրաստելը շատ վատ ավարտ էր ունենում։
1922 թվականին Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրաթերթերից մեկում տպագրվեց մի հոդված, որը պատմում էր ոստիկանների հայտնաբերած «կովի կոշիկների» մասին։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ոստիկաններից մեկը նկատել էր մի մարդու, ով կրելիս էր եղել վրան հատուկ փայտե կտորներ ամրացրած կոշիկներ։ Փայտե կտորներն ունեին կովի սմբակի տեսք, ինչն էլ ենթադրվում է, որ պետք է շփոթեցներ ոստիկաններին, ովքեր դրանք նկատելիս դժվար թե ուշադրություն դարձնեին և հետաքրքրվեին, թե ուր են գնացել կովերը։
Ալկոհոլի օգտագործումն ու պատրաստումը արգելվեց, երբ 1920 թվականին ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության 18-րդ հոդվածը, սակայն ոչ շատ ուշ՝ ընդամենը 13 տարի անց՝ 1933 թվականին, ընդունվեց 21-րդ հոդվածը, որն ուժը կորցրած էր ճանաչում 18-րդ հոդվածով սահմանված արգելքները։