Այբ դպրոցի՝ Հայաստանը ներկայացնող ռոբոտիկայի թիմը աչքի է ընկնում Մարիոնում


10:41 , 7 ապրիլ, 2017

ТheMarionStar կայքն անդրադարձել է «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթում Հայաստանյան թիմի աշխատանքին․

Երևանից մինչև Օհիոյում գտնվող Մարիոն քաղաք հեռավորությունը մոտ 9600 կմ է, և երկու քաղաքների միջև ուղիղ չվերթ դեռ գոյություն չունի։

Չնայած մեծ հեռավորությանը՝ Այբ ավագ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ անգամն է, ինչ մեկնում են Մարիոն՝ Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր (National Robotics Challenge) մրցույթին մասնակցելու համար։ Եռօրյա բաց մրցույթը սկսվել է երեկ՝ հինգշաբթի, և կավարտվի շաբաթ օրը՝ Վետերանների հիշատակին նվիրված կոլիզեյում։

Լուսանկարը՝ Մաթյու Հաթչերի / Matthew Hatcher

«Անցած տարի մենք լսեցինք այս մրցույթի մասին և որոշեցինք մասնակցել, - ասում է Վազգեն Գաբրիելյանը՝ Այբ ավագ դպրոցի ֆաբլաբի ղեկավարը, - Այն մեզ իսկապես դուր եկավ հատկապես այն առանձնահատկության շնորհիվ, որ մրցույթը մեր առջև չէր դնում ոչ մի սահամանափակում՝ ամեն ինչ զրոյից սկսելու և տարբեր նյութեր օգտագործելու»։

Անցյալ տարվա մրցույթից թիմը վերադարձավ երկրի պատիվը բարձր պահած՝ իր հետ տանելով արծաթե մեդալ և «Honda Innovation Award» պատվավոր մրցանակ։ «Honda» ընկերության անդամներն իրենց առանձնակի հիացմունքն էին արտահայտել Հայաստանի թիմի աշխատանքի նկատմամբ։

«Դպրոցի բացվելու իսկ օրվանից մենք շատ հաջողություններ ենք ունեցել և՛ տեղական, և՛ միջազգային մրցույթներում», - ասել է Գաբրիելյանը։

Մրցույթի առաջին օրը։ Լուսանկարը՝ Մաթյու Հաթչերի / Matthew Hatcher

«Մեզ համար մեծ պատիվ էր Հոնդայի պատվավոր մրցանակին արժանանալը, որովհետև մենք իրոք շատ ենք աշխատել ռոբոտի ստեղծման և կատարելագործման վրա, - ասել է Այբի 12-րդ դասարանի աշակերտ, ռոբոտիկայի թիմի անդամ Արմեն Բարսեղյանը։ - Լրագրողներն օրեր շարունակ դպրոց էին գալիս և հարցազրույցներ վերցնում մեզանից այն մասին, թե ինչպես կարողացանք մասնակցել Ռոբոտիկայի ազգային ծրագրին՝ ներկայացնելով փոքրիկ երկիրն ու արծաթե մեդալ և ամենապատվավոր մրցանակ շահելով։

Բարսեղյանը և դասընկերները՝ Արեգ Քալանթարյանը, Արեգ Կարապետյանը, Ֆելիքս Ղանդիլյանը, Սիմոն Զոհրաբյանն ու Արման Մնացականյանը, այս տարվա մրցույթին ներկայացնում են երկու ռոբոտ՝ մեկ մարտական և մեկ՝ լաբիրինթոս անցնող։  

«Հրաշալի է ճանապարհորդելը, քանի որ ամեն օր չէ, որ մեզ այսպիսի հնարավորություն է տրվում, - ասել է Արեգ Քալանթարյանը։ - Ինձ դուր է գալիս Մարիոնը․ հանգիստ քաղաք է։ Հաճելի է նաև միջավայրի փոփոխությունն ու նոր փորձ ձեռք բերելը»։

Այբ ավագ դպրոցի աշակերտ Արեգ Կարապետյանը՝ ռոբոտի վրա աշխատելիս։ Լուսանկարը՝ 

Մաթյու Հաթչերի / Matthew Hatcher

Ըստ Վազգեն Գաբրիելյանի՝ և՛ անցյալ, և՛ այս տարվա փորձությունները Մարիոնում հրաշալի արդյունք ունեցան։

«Այստեղ մեզ իսկապես ամեն ինչ դուր է գալիս՝ ընկերական միջավայրը, մյուս թիմերից նոր բաներ սովորելը, հրաշալի մարդիկ, որոնք օգնում են մեզ անհրաժեշտության դեպքում։ Սա հիանալի մրցույթ է, հիանալի վայր», - ասում է Գաբրիելյանը։

Այբ դպրոցի ռոբոտիկայի ակումբին մասնակցում են ավելի քան 30 աշակերտներ։

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավերի» ներկայացուցիչ Թոնի Ֆիշերն ասում է, որ ԱՄՆ-ից բացի այլ երկրներից թիմեր ունենալը ցույց է տալիս, որ կրթությունն ու մշակույթը սահմաններ չի ճանաչում։

«Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ երբեմն լուծումներ գտնել հնարավոր է անգամ ծովերից այն կողմ», - ասել է Ֆիշերը։

Յուրաքանչյուր սեղանի վրա դրված էին այս գործիքները։ Լուսանկարը՝ Մաթյու Հաթչերի / Matthew Hatcher

Ըստ նրա՝ ոգևորիչ է հայացք նետել անցյալ 14 տարիներին, որոնց ընթացքում մրցույթն անց է կացվել Մարիոնում, և տեսնել, թե ինչպես են ի սկզբանե մասնակցած աշակերտները չափահաս դարձել և առաջադիմել իրենց գործում։

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթը ողջ աշխարհում։ Այն առաջին անգամ անցկացվել է 1986 թվականին։ Բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն։ Մրցույթի գլխավոր հովանավորը «Հոնդա» ընկերությունն է։