Դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության շահերից. Թրամփը մեկնաբանել է Սիրիայում իրականացված հրթիռային հարձակումը (լուսանկարներ, տեսանյութ)


09:25 , 7 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից», հաղորդում է The Guardian-ը։ 


«Բռնապետ Բաշար ալ Ասադը սարսափելի քիմիական հարձակում է իրականացրել անմեղ մարդկանց դեմ: Նա կտրեց անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքի թելը: Դա դանդաղ ու դաժան մահ էր նրանցից շատերի համար: Այս գիշեր ես կարգադրել եմ ռազմական հարձակում իրականացնել սիրիական այն ավիաբազայի վրա, որից իրականացվել էր քիմիական հարձակումը: Սա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից ու նպատակ է հետապնդում կանխել ապագայում քիմիական զենքի կիրառման դեպքերը»,-ասել է ԱՄՆ նախագահն ամերիկացիներին ուղղված ելույթում:

Հայտնի է, որ ԱՄՆ ղեկավարը նման որոշում է կայացրել, երբ պաշտոնական Վաշինգտոնը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին մեղադրել է Իդլիբում քիմիական զենքի կիրառման համար:

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների առնչությամբ:

Մինչդեռ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացրել էր ռուսական կողմին սիրիական ավիաբազային հարվածելու մասին:


Նա մանրամասնել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Դևիսն ասել է, որ ամերիկացի զինվորականները հարվածից առաջ մի քանի անգամ զրուցել են ռուս գործընկերների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ