Թե արտաքին թեմաներով ինչ քննարկումներ կլինեն խորհրդարանում, կախված է իշխանություններից․ Թևան Պողոսյան
22:12 , 6 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով նոր ձևավորվող խորհրդարանում արտաքին քաղաքականության մասին ծավալվելիք հնարավոր դիսկուրսների մասին՝ նշեց` թեմաները կախված են լինելու խորհրդարան անցած մեծամասնություն կազմող քաղաքական ուժից. օրակարգի թելադրողն իշխող կուսակցությունն է լինելու:
«Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը վերցրել է այդ մեծամասնությունը, ապա իրենք էլ, երևի, կառավարությունը կձևավորեն, և այն մարդը, որ կլինի արտաքին գործերի նախարարը, փորձելու է թարմություն բերել կամ եթե նույն մարդն է լինելու, որևէ բան չի փոխվելու»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս պարագայում մենք պետք է գիտակցենք, որ մեր մոտեցումների շրջանակը կախված է ոչ միայն մեր ցանկություններից, այլ նաև այն զարգացումներից, որոնք կան, այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում աշխարհում:
«Եթե ամեն ինչ լավ անցնի, այս տարի կտեսնենք Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո բարեփոխումների նոր զարգացումներ տեղի կունենան: Բայց Հայաստանի իշխանությունը այդպես էլ չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն սկսել, չնայած որ շատ դեպքերում հարվածներ է ստանում ԵԱՏՄ անդամ երկրներից: Արդյո՞ք նրանց վարքագիծը կփոխվի, թե մենք հակահարված կհասցնենք այդ երկրներին, չգիտեմ․․․ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի արտաքին գործերի նախարարի վարքագիծը»,- ասաց նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, որևէ փոփոխություն այս շրջանում չի կանխատեսում:
Թևան Պողոսյանը նշեց, որ չի ընկալում խորհրդարան անցնող ուժերի մասին եղած՝ արևմտամետ կամ ռուսամետ բնորոշումները: «Պետք է հասկանալի լինի, թե քաղաքական ուժերը ինչպես են տեսնում Հայաստանի զարգացումը: Եթե մենք բոլորս երազում ենք, որ Հայաստանը դառնա եվրոպական մոդելի, զարգացած, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող, ազատ տնտեսական հարաբերություններով, արդար դատական համակարգով, կոռուպցիայի դեմ պայքար տանող, ազատությունների երկիր, պետք է հասկանանք՝ որտե՞ղ են այդ երկրները, որտե՞ղ ենք մենք մեր շահերը տանում երկարատև զարգացման համար: Արդյո՞ք մենք պետք է կրկնենք Ղազախստանի մոդելը, թե, միգուցե, պետք է Բելառուսի հետևից գնանք»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում ինքը չի հասկանում «մետ»-երով բնորոշումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: