22:03 , 6 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Շնորհակալություն հայտնելով մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացան հավաստագրեր, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Այս հավաստագրերը վկայությունն են նրա, որ ապրիլյան ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ, իրոք, մեր երկրի արժանապատվության, ապագայի, անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում: Ապրիլը մեզ համար շատ կարևոր և մեծ դաս էր. ևս մեկ անգամ վերլուծվեցին մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս կարևորելով ծրագիրը, շեշտել է, որ ծրագրի արդյունքները կերևան առաջիկա տարիների ընթացքում: «Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, կտրամադրվի լրացուցիչ 20 տոկոս զեղչ: