21:14 , 6 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Ստիպված եմ մեկ անգամ ևս պարզաբանել մեր այդ պատկերացումը։
Անհրաժեշտ է վերանորոգել Թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատանքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի Թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան Օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր և մթնոլորտ։ Այդտեղ պետք է կազմակերպվեն հյուրասիրություններ, ընդունելություններ, ներկայացումների շնորհանդեսներ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, և դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկա յացումների դահլիճ։
Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձարաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործի շոգեբաղնիք և մարզասրահ՝ բեմական ճիշտ և ներկայանալի կեցվածք մշակելու համար (վերջինս բացառապես Օպերային թատրոնի արտիստներին է ծառայելու)։
Առնվազն կոռեկտ չէ զարգացման մեր ծրագրերի իրական պատկերը խեղաթյուրելը։ Այն, ինչի մասին խոսում ենք, վաղուց գործում է աշխարհի առաջատար Օպերային թատրոններում՝ Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում և այլն (ի դեպ, խորհրդային տարիներին արտիստների համար շոգեբաղնիք գործել է մեր Օպերային թատրոնի շենքում)։
Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու պրոֆեսիոնալ շոգեբաղնիքը նույնացնում է իր տեսած ու պատկերացրած «չգիտեմինչի» հետ։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր Օպերային թատրոնը և′ արտիստների, և′ այցելուների համար ապահովի քաղաքակիրթ պայմաններ։
Թատրոնը սկսվում է հանդերձարանից»։