14:00 , 6 ապրիլ, 2017
PanARMENIAN.Net-ը գրում է.
ՀՀ մարզային ճանապարհները, մասնավորապես՝ Սյունիքի մարզի հանրապետական ու միջպետական նշանակության մայրուղիները, հիմնանորոգման կարիք ունեն: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ այժմ միայն մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում:
«Այդ ճանապարհները պետք է հիմնանորոգվեն կատարվի։ Հիմա այն, ինչ կատարվում է, կամ միջին նորոգում է, կամ՝ ուղղակի փոսալցում։ Սակայն ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, հիմնանորագման ծրագրեր պետք է լինեն»։
Նախարարը հավելել է, որ համապատասխան ծրագրերն արդեն ներկայացվել են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում կարող են սկսել աշխատանքները։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու չեն փորձում ՀՀ խոշոր գործարարների հետ գործակցել՝ նրանց առաջարկելով ներդրում անել ճանապարհաշինարարության ոլորտում, նախարարը պատասխանեց. «Եթե գործարարը ներդրում է կատարում, նշանակում է պետք է որոշակի շահույթ հետապնդի: Ձեր ասած տարբերակը ենթադրում է, որ վերանորոգումից հետո ճանապարհները պետք է վճարովի դառնան»:
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում անդրադարձել էր համայնքների ճանապարհների խնդիրներին: