00:20 , 6 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքը նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումն էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:
Վերջինս նշեց, որ չնայած Սերժ Սարգսյանի լիազորությունները նախագահի պաշտոնում ավարտվում են և նոր Սահմանադրությամբ նա չի կարող վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում, բայց նրա ազդեցությունը շարունակելու է զգացվել:
«Կարծում եմ, որ ՀՀԿ-ն Հայաստանում բավական պոպուլյար է: Սերժ Սարգսյանն ու իր կողմից ղեկավարած կուսակցությունը կարողացան հաղթել, որովհետև նախաձեռնվեցին մի շարք բարեփոխումներ: Բացի այդ, արտաքին քաղաքականության մասով էլ, իշխանությունները լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ-ի մաս, բայց լավ հարաբերություններ կան միաժամանակ Արևմուտքի հետ: Եվ այս քաղաքականությունը, կարծում եմ, ստացավ հանրային աջակցություն»,- նշեց Սերգեյ Մարկովը:
Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ին հաղթանակ բերեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որդեգրած դիրքորոշումը: «Սերժ Սարգսյանը հրաժարվեց ստորագրել Մադրիդյան սկզբունքները, որը առաջարկում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն առաջարկում էր փոխզիջումներ Ադրբեջանի հետ և տեսանք, որ հանրային լուրջ աջակցություն չունեցավ: Սա նշանակում է, որ հայ հասարակությունը թերահավատ է ԼՂ հարցում Ադրբեջանի հետ հնարավոր փոխզիջումների հարցում»,- նշեց Մարկովը:
Այնուամենայնիվ, փորձագետն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը շարունակելու է Հայաստանի քաղաքական օրակարգում առաջնային տեղ զբաղեցնել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծացնելու է կողմերի վրա ճնշումը, որը ընտրությունների ժամանակ թուլացվել էր:
«Ռուսաստանը, կարծում եմ, դրական է գնահատում ընտրությունների արդյունքները, աջակցում է Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած «Հանրապետական» կուսակցությանը»,- նշեց քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: