Համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ. Դ. Բաբայանը ԼՂ հարցի լուծմանը մոտ լինելու՝ Լավրովի հայտարարության մասին
19:00 , 5 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գոյություն չունի Արցախի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան», գոյություն ունեն ընդհանրական մոտեցումներ, որոնց նույնպես վերապահորեն պետք է փաստաթուղթ անվանել։ Դա հակամարտող կողմերի մոտեցումների հանրագումարն է, բայց դեռևս վերջնական որևէ փաստաթուղթ չկա, որովհետև այստեղ գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ։ Նրա խոսքով՝ նույնիսկ, եթե մի փոքր մասով կա անհամաձայնություն, ապա չի կարելի փաստել, որ կա առաջընթաց։
-Պարո՛ն Բաբայան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե Բաքուն և Երևանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, և կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Հայկական ու ադրբեջանական կողմն ի՞նչ հարցերում են համաձայնության եկել։
-Լավրովը նաև ասել է, որ գրեթե բոլոր հարցերը կարգավորված են, բացի 1-2 հարցից, որոնք իրականում ամենադժվարն են, ժամանակատարն ու աշխատատարն են, և սա իրոք այսպես է։ Ի վերջո, եթե Արցախյան հիմնախնդիրը համապարփակ ձևով դիտարկենք, ապա կա 2 կարևորագույն հարց՝ սահմանների հարցը և կարգավիճակի, իսկ մնացյալ հարցերն ածանցյալ են այս երկուսին։ Հետևաբար, երբ ասում ենք՝ կա 2-3 հարց, հենց սրանց մասին ենք խոսում, քանի առանց այս սկզբունքային հարցերի լուծման հնարավոր չէ հակամարտության կարգավորման ճանապարհով գնալ։ Բնական է, որ հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցերում ունեն շատ իրարամերժ մոտեցումներ, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումը, չի փոխել ոչ մի բան իր մոտեցումների մեջ և վերջնանպատակը տեսնում է խորհրդային հանրապետության տարածքային ամբողջականության վերականգման տարբերակով։ Իսկ Ադրբեջանի նման դիրքորոշման և ներկայիս իրավիճակի պայմաններում ակնկալել որևէ առաջընթաց, կարծում եմ, վաղաժամ է։
-Ստացվում է, որ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները դոփում են նույն տեղո՞ւմ, նույնիսկ գերտերության ներկայացուցիչները նախկինում եղած փաստերն են արձանագրում և նոր բան չեն ասում։
-Երբ մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, պետք է այն դիտարկենք 2 հարթության մեջ. առաջինը՝ բուն կարգավորում, այսինքն՝ բանակցություններում առաջընթաց մինչև վերջնական հանգուցալուծում, երկրորդը՝ կայունության և խաղաղության պահպանում է, որը նույնպես շատ բարդ է, որի ուղղությամբ նույնպես աշխատում են գերտերությունները և Մինսկի խմբի համանախագահները։ Հիմա, քանի որ կողմերի միջև ընդհանուր հայտարարի նախադրյալներ չկան, ամենակարևոր ուղղությունը շարունակում է մնալ կայունության և խաղաղության պահպանումը տարածաշրջանում։
-Շատ է խոսվում լավրովյան փաստաթղթի մասին։ Ծանո՞թ եք այդ փաստաթղթին և համաձա՞յն եք առաջարկվող լուծումներին։
-Նման փաստաթուղթ գոյություն չունի, գոյություն ունեն ընդհանրական մոտեցումներ, որոնց նույնպես վերապահորեն պետք է փաստաթուղթ անվանել։ Դա հակամարտող կողմերի մոտեցումների հանրագումարն է, բայց դեռևս վերջնական որևէ փաստաթուղթ չկա, որովհետև այստեղ գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ։ Նույնիսկ, եթե մի փոքր մասով կա անհամաձայնություն, ապա չի կարելի փաստել, որ կա առաջընթաց։
–Այս պահին բանակցություններն ընթանում են Մադրիդյան փաստաթղթի շուրջ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ նոր փաստաթուղթ կազմվի՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններում Մադրիդյան սկզբունքներն առաջ տանող ուժը պարտվեց։
–Ընդհանրապես, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, մի շարք նախադրյալներ պետք է լինեն։ Առաջինը՝ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, որն այս պահին կարգավորված չէ, այսինքն՝ Արցախը որպես լիարժեք կողմ չի մասնակցում բանակցային գործընթացին։ Ի վերջո պետք է վերանայել ռեվանշիստական ցանկացած փորձ, այսինքն՝ չլինի վերադարձ անցյալին։ Եթե գերնպատակ է մոտեցումը, թե կվերականգնվի Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, ապա սա որևէ ապագա չունի։
-Օրերս նաև Ղազախստանի նախագահն է հայտարարել, թե Արցախի հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորման ճանապարհ ունենա, իսկ մինչ այս նա միշտ աչքի է ընկել իր ադրբեջանամետ պահվածքով։ Հնարավո՞ր է՝ այս երկիրն էլ է ցանկանում միջամտել կարգավորման գործընթացին
-Ղազախստանը երբեք չի թաքցրել իր ադրբեջանամետ պահվածքը: Այստեղ միակ դրականն այն է, որ նա նույնպես արձանագրում է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ներկա պահին Ղազախստանը որևէ կերպ չի կարող միջամտել բանակցային գործընթացին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։