Սոցփաթեթը կգործի ամբողջ ծավալով, իսկ առողջապահության մասը նորից կանցնի ապահովագրականներին


18:24 , 5 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության գործառույթը նախատեսվում է նորից փոխանցել ապահովագրական ընկերություններին:

Այսինքն` շահառուին սոցփաթեթով տրամադրված բուժծառայությունների դիմաց այսուհետ փոխհատուցում տրամադրելու է ոչ թե պետական առողջապահական գործակալությունը, այլ ապահովագրական ընկերությունները:

Ինչպես հայտնի է, սոցիալական փաթեթի ծրագիրը գործում է հետեւյալ սկզբունքով. ամեն տարի պետական բյուջեից շահառուի հաշվեհամարին է փոխանցվում 132 հազար դրամ, որից 52 հազարը պարտադիր հատկացվում է առողջապահությանը, իսկ մնացածը, որը նույնպես, որոշ բացառություններով, կանխիկ չի տրամադրվում, շահառուն իրավասու է տնօրինել երեք այլ ուղղություններից որեւէ մեկով՝ վարկ մարել, ուսման վարձ վճարել կամ մեկնել հանգստի` անպայման Հայաստանում կամ Արցախում:

Ի սկզբանե առողջապահական բաղադրիչում ներգրավված էին ապահովագրական ընկերությունները: Բայց դժգոհությունները շատ էին, եւ 2015 թվականից պետությունն «անձամբ» ստանձնեց այդ գործառույթը:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ ապահովագրական ընկերությունների եւ սոցփաթեթի շահառուների համագործակցությունն ուղեկցվում էր վերջիններիս համար սթրեսներով: Այդ կազմակերպությունները ճարպկորեն կարողանում էին հազարումի պատճառաբանություն բերել` այցելուներին վստահեցնելու, որ իրենց անհրաժեշտ բժշկական սպասարկումը փոխհատուցման ենթակա չէ: Կամ էլ, որպես կանոն, աշխատում էին նրանց ուղղորդել դեպի այն բուժհաստատությունները, որոնք սերտորեն փոխկապակցված են տվյալ ապահովագրական ընկերության հետ, որպեսզի գումարը մի գրպանից հանեն, մյուսը դնեն:

Արդյունքում, պետբյուջեից ապահովագրական այդ ընկերություններին փոխանցված միլիարդավոր դրամների միայն փոքր մասն էր ծառայել նպատակին: Եվ մի օր էլ առողջապահական գերատեսչությունը որոշեց փոխել իրավիճակը` համարելով, որ ավելի ճիշտ կլինի պետական բյուջեից տրամադրվող գումարների բաշխումն ինքնուրույն կառավարի, մանավանդ որ զրկված էր ապահովագրական ընկերություններից հաշվետվողականություն պահանջելու հնարավորությունից:

Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս հետողորմյան պայմանավորված է առողջապահության նոր նախարարի հանգամանքով: Լեւոն Ալթունյանն, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում նշանակվելուց առաջ ղեկավարում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը:

«Նախարարի փոխվելու-չփոխվելու խնդիր չէ, այդ հարցը քննարկվել է մինչեւ այդ էլ: Հովիկ Արգամիչի ժամանակահատվածից սկսվել էր, անկեղծ եմ ասում: Կարծում եմ` սա ընդհանուր քաղաքականություն է: Այստեղ որոշակի ռիսկեր կան, եւ որոշվել է, որ այսպես կառավարումը կլինի ավելի արդյունավետ: Ու այնպես չէ, որ ուղղակի տալիս ենք իրենց եւ վերջ: Մենք պայմանագրային հարաբերություններ ենք սկսում ապահովագրական կազմակերպությունների հետ, ու այդ ամբողջ գործունեությունը մոնիտորինգ է արվելու առողջապահության նախարարության կողմից»,- պատասխանեց նա: 

Անդրադառնալով հարցին, թե որն էր սոցփաթեթի առողջապահական մասը պետական գործակալության կողմից համակարգելու թերությունը, Ծաղիկ Վարդանյանն այսպես ասաց. «Երեւի թե այն մոնիտորինգի բաժինը, որը գործել է, շատ ավելի տեղայնացված չէր: Պետական առողջապահական գործակալությունում մենք մոնիտորինգի բաժին ունեինք, որը հիմնականում զբաղվում էր սոցփաթեթով, եւ իհարկե բավականին մեծ քանակով դեպքերի ավելացում դիտարկվեց: Այսինքն` գումարի եւ դեպքերի անհամապատասխանություն եղավ: Ես կարծում եմ, որ փաթեթային փոփոխություններ են լինելու: Այսինքն` այն փաթեթը, որը այս պահին գործում է, վերանայվելու է` ըստ բժշկական օգնության սպասարկման ձեւերի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։