18:30 , 5 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է, ինչ դերասան Ռաֆայել Երանոսյանը պայքարում է ադրբեջանցի հաքերների դեմ, քանի որ իր ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջը գտնվում է նրանց վերահսկողության տակ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ռաֆայելը նշեց, որ իր համար արդեն պատվի հարց է սոցիալական էջերը հետ բերելը, եւ այդ ուղղությամբ նա ամեն քայլ ձեռնարկում է:
«Այս պահին ամեն ինչ անում ենք երգիչ Էրիկի ընկերուհու՝ Լանայի շնորհիվ, ով կարողացավ վերականգնել նաեւ Էրիկի էջերը: Վերջին օրերին մեր հանրապետության համապատասխան ընկերությունների անտարբերությունը տեսնելով՝ հասկացա, որ Լանայից լավ մասնագետ մենք չունենք: Ի դեպ՝ ցավով եմ ասում, որ մեր երկրում խիստ անտարբերություն է տիրում, այս պահին մեր հանրապետության համապատասխան կազմակերպությունները պետք է շատ ավելի շահագրգռված լինեին, որ հայ դերասանի էջերը հետ բերեին ադրբեջանցիների ձեռքերից: Գիտեք, եթե էջերս կոտրեին, օրինակ, չինացիները, ես այսքան չէի մտահոգվի, բայց, երբ թշնամիդ է էջդ կոտրում, դրոշիդ վրա միզում է ու հրապարակում, այս դեպքում, ինձ թվում է, մեր երկրից որոշ կառույցներ պետք է ինձ զանգեին ու իրենց օգնությունը առաջարկեին, ոչ թե մենք ընկնեինք իրենց հետեւից: Մի խոսքով, հասկացանք, որ ինչպես միշտ էս հանրապետությունում ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում ու ստիպված մեր ուժերով, ավելի ճիշտ՝ կոնկրետ Լանայի ուժերով այս պահին ամեն բան անում ենք: Ի դեպ՝ Լանան այնքան լավ մասնագետ է, որ կարողացել է անգամ մի քանի ադրբեջանցու էջեր կոտրել: Եղել են դեպքեր նաեւ, որ մեր արտիստներից մի քանիսի էջերը նախապես վնասազերծել է ու չի թողել, որ ադրբեջանցիները կոտրեն: Լանան ոչ միայն լավ մարդ է, այլեւ լավ մասնագետ, ինչի կարիքն էսօր մեր երկրում շատ ունենք,- պատմեց Ռաֆայելն ու շարունակեց.
«Լանան հիմա Instagram-ին նամակ է գրել, նրանք պետք է ճշտեն, համոզվեն, որ էջս գողացված է, որ ես եմ իրական տերը, որ ես հայ դերասան եմ եւ այլ անձնական տվյալներ: 12 ժամ անց մեզ պատասխան կտրվի, որից կհասկանանք, Instagram-ը մեզ կփոխանցի արդյոք իմ էջը: Այս պահին սպասողական վիճակում եմ գտնվում, բոլոր սոցիալական էջերս, անգամ անձնական փոստս նրանց ձեռքում է»:
Ռաֆայել Երանոսյանը հայտնեց նաեւ, որ տխրում է, երբ նման վատ իրավիճակում գտնվել են հայեր, ովքեր ցանկացել են օգտվել դրությունից եւ անգամ չարախոսել.
«Կան հայեր, ովքեր նամակ են գրում, ասում, թե իրենց մոտ է իմ էջը ու կարող են վաճառել: Կամ լսել եմ, թե ոմանք կարծում են, որ նման քայլով ինքս ինձ PR եմ անում: Նման վարվելաձեւը ուղղակի թրքություն է»,- նկատեց դերասանը:
Մեզ հետ զրույցում Ռաֆայելը նշեց նաեւ, որ այս ընթացքում անծանոթ մարդիկ Ռաֆայել Երանոսյանի անունով նոր էջեր են բացել, որոնց հետ ինքը կապ չունի.
«Այս պահին պաշտոնապես ուզում եմ ասել, որ թե ֆեյսբուքում, թե Instagram-ում իմ անունով բացված նոր էջերի հետ ես որեւէ կապ չունեմ: Ցավոք, մերոնք այս օրերին իմ անունից կեղծ էջեր են բացում ու մարդկանց ինչ-որ բաներ գրում, որոնց հետ կապ չունեմ: Ես այնքան եմ ցավում, որ հայերն են նման բաներ անում, այդպիսով երեւի գումար են ուզում աշխատել, բայց ես կարող եմ իրենց անձամբ այդ գումարը տալ, միայն թե իմ անունից կեղծ ոչինչ չանեն, ամոթ է, իմ հաշվին այդ միջոցով չարժե գումար աշխատել»,- շեշտեց դերասանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։