«Հպարտ եմ, որ ինձանով ուրախանալու առիթ եմ տվել բոլոր հայերին». «Лучше всех!» նախագծի մասնակից, 9-ամյա Արսեն Մանուչարյան


17:00 , 5 ապրիլ, 2017

EXCLUSIVE

Մի քանի շաբաթ առաջ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Лучше всех!» հեռուստաշոուի ժամանակ ելույթ ունեցած մեր հրաշամանուկ Արսեն Մանուչարյանին շատերը կհիշեն: Տաղանդավոր տղան այնպես էր տպավորել Գալկինին, որ նա չէր կարողանում թաքցնել իր հիացմունքը:

BlogNews.am-ն այսօր բացառիկ հարցազրույց է ունեցել մի քանի օրով հայրենիքում գտնվող 9-ամյա Արսենի ու նրա քրոջ հետ, պարզել նրա մասին ամեն ինչ, և իհարկե, հրաշալի ֆոտոշարք արել նրա հետ:

   

- Արսեն, կպատմե՞ս՝ ինչպես հայտնվեցիր Գալկինի հաղորդմանը։

- Հայրիկս է հայտը ներկայացրել, հետո հրավիրել են նախնական քաստինգի, ու վերջում, երբ ինձ ընտրեցին, ես մասնակցեցի նկարահանումներին: Ճիշտն ասած՝ մտածում էի, եթե Գալկինին տեսնեմ իրական կյանքում, կուշաթափվեմ, որովհետև իրեն շատ եմ սիրում, բաց չէ, լավ էլ տեղս կանգուն մնացի)): Այնտեղ ինձ համար կոստյում կարեցին, ես այն հագա ու անցա իմ ելույթին:

Կրկեսային ակրոբատիկայի էքստրիմ ժանրում մեր փոքրիկի ելույթը ոչ միայն զարմացրել ու հիացրել էր հաղորդման կազմակերպիչներին, այլ նաև գրանցել էր աննախադեպ դիտումների քանակ, քանի որ ո՛չ Արսենից առաջ և ո՛չ էլ նրանից հետո ոչ մի երեխա այս ժանրում երբեք հանդես չէր եկել այս հաղորդման շրջանակներում:

- Երբ արդեն պետք է սկսվեր նկարահանումը, ինչի՞ մասին էիր մտածում։

- Միայն լավ ելույթ ունենալու մասին էի մտածում: Շատ էի հուզվում, ուզում էի, որ լավ լինի ելույթս, որովհետև պապաս նայում էր ինձ դահլիճում նստած: Ելույթից հետո էլ մտածում էի՝ լավ չի ստացվել, բայց պապաս ասաց, որ ամեն ինչ լավ էր, ու միայն այդ ժամանակ հանգստացա:

Արսենի համար հոր կարծիքն ամենահեղինակավորն է, որովհետև հենց հայրն էլ նրա ուսուցիչն է: Բանն այն է, որ Արսենի ողջ ընտանիքն է կրկեսային արվեստով զբաղվում, ընտանիքն ունի սեփական շրջիկ կրկես, ու ինչպես Արսենի ծնողները, այնպես էլ ավագ քույրերը կրկեսային դերասաններ են: Արսենի հայրը՝ առյուծներ վարժեցնող Անդրեյ Մանուչարյանը, Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, մայրը՝ Մարինա Մանուչարյանը, օդային ակրոբատ է: Ներկայումս Գուկովո քաղաքում ապրող այս հայ ընտանիքում բոլոր երեխաները ծնվել ու մեծացել են ՌԴ-ում, սակայն հայերեն փայլուն խոսում ու հասկանում են, որովհետև, ինչպես Արսենի քույրը՝ Աննան է նշում, մեծացել են հայկական ավանդույթներով ու հայեցի. «Հայրենիքի հետ մեր կապը շատ ամուր է, անընդհատ գալիս-գնում ենք, ծնողներս մեզ միշտ էլ ասել են, որ մեր հայրենիքը Հայաստանն է»:

- Ընկերներ ունե՞ս Հայաստանում, Արսեն։

- Իհարկե, ունեմ, շատ ընկերներ ունեմ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում: Դպրոցում էլ շատ ընկերներ ունեմ, չնայած շատ է լինում, որ դասերին չեմ հաճախում, որովհետև ներկայացումներով շրջում ենք: Բայց լավ եմ սովորում, որովհետև ուսուցիչների հետ անհատական պարապմունքների եմ հաճախում:

- Դպրոցում ինչպե՞ս արձագանքեցին քո հեռուստաելույթին։

- Օ՜, շատ ուրախ էին: Հաջորդ օրը տնօրենն ինձ իր մոտ կանչեց ու պատվոգիր տվեց: «Վերջին զանգին» էլ պիտի ամբողջ դպրոցին ինձ ներկայացնեն)):

- Արսեն, արդեն մեծ տղա ես, ասում ես, որ շուտով տասը տարեկան ես լինելու: Ապագայի հետ կապված պլաններիդ մասին կպատմե՞ս մեզ:

- Ապագայիս պլանը կրկեսի տնօրեն դառնալն է: Պապայիս էլ եմ ասել այդ մասին, ու հիմա նա գիտի, որ ես ուզում եմ իր պաշտոնում լինել: Ես ակրոբատիկայով եմ զբաղվում, բայց որ ճիշտն ասեմ, պապայիս աշխատանքն էլ է դուրս շատ գալիս: Կուզեմ նաև պապայիս պես առյուծներ վարժեցնող դառնալ:

- Գալկինին ասել ես, որ աշխատավարձ ես ստանում: Կպատմե՞ս՝ ինչի վրա ես ծախսում այն:

- Հավաքում եմ, ու ինձ համար մի լավ բան եմ գնում: Վերջին անգամ ավելի հզոր սկուտեր եմ գնել, դրանից առաջ հեռախոս եմ գնել ինձ համար: Մամայիս ու քույրիկներիս համար էլ եմ նվերներ գնում: Բայց ուզում եմ ասել, որ ես միայն իմ աշխատավարձով չեմ գումար վաստակում: Ինձ հաճախ հրավիրում են տարբեր միջոցառումների ելույթ ունենալու: Այդ գումարներն էլ եմ հավաքում ու մի լավ բանի վրա ծախսում:

- Չիպս ու կոլա սիրո՞ւմ ես։

- Շատ հազվադեպ եմ գնում. չեմ սիրում։

- Չե՞ս սիրում, թե՞ մայրիկն է արգելում։

- Մաման ասում է, որ վատն է, բայց ես էլ լավ գիտեմ, որ վատն է, դրա համար էլ մաման խորհուրդ չի տալիս:

- Իսկ ամենասիրելի ուտելիքդ ո՞րն է։

- Ամենաշատը սիրում եմ խորոված ու մեկ էլ սիրում եմ հավի սիրտ )): Ինչքան տան, կուտեմ: Լավ ուտելիքներ շատ եմ սիրում:

- Արսեն, տեսե՞լ ես՝ ինչ գեղեցիկ, մեծ կրկես են կառուցում մեր քաղաքում: Կցանկանայի՞ր ելույթ  ունենալ այդպիսի կրկեսում:

- Իհարկե, շատ գեղեցիկ կրկես են կառուցում, եթե բացվի ու ինձ հրավիրեն ելույթ ունենալ, անպայման կգամ, մեծ սիրով:

- Դու գիտե՞ս, որ Հայաստանում քո ելույթից հետո իսկական աստղ ես դարձել։ Բոլորը, ովքեր քեզ տեսել են, սիրեցին քեզ ու հպարտանում են, որ քո նման տղա կա, ով հայերի պատիվը բարձր է պահում։

- Ես տեսա, որ համացանցում շատերը լավ բաներ են գրել իմ հասցեին: Շատ էի ուրախացել ու հիմա էլ հպարտ եմ, որ ինձանով ուրախանալու առիթ եմ տվել իմ սիրելիներին ու բոլոր հայերին:

Արսենին առջևում սպասվում են «Лучше всех!» հաղորդման նոր նկարահանումները, որոնց համար Արսենը նոր համարներ է պատրաստում: Տաղանդավոր փոքրիկին բազում հաջողություններ մաղթելով՝ նշենք, որ հիացած ենք նրանով, նրա դատողություններով ու պահվածքով, իսկ մեր հրաշամանուկի հետագա հաջողություններին խոստանում ենք ևս անպայման անդրադառնալ:     

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի