20:32 , 23 հունվար, 2012
Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների եւ առեւտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատությունների բարեփոխման եւ կատարելագործման նպատակին:
Հայաստանը ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում ընդգրկվել է 2004թ. հունիսին: 2006 թ. նոյեմբերին ԵՄ հետ ստորագրել է Եվրոպական Հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագիրը: 2007թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՀՔ հնգամյա Գործողությունների ծրագրով Հայաստանը հանձնառություն է ստանձնել համագործակցել եւ առաջընթաց արձանագրել ԵՄ հետ մի շարք առաջնային ոլորտներում ինչպիսիք են` արդարադատությունը, մարդու իրավունքները, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումը, վարչարարության եւ օրենսդրության մոտարկում, էներգետիկ ոլորտ եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը նպաստելը, տարածաշրջանային համագործակցությունը: Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներն առավել կանոնակարգելու նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարը: Սահմանվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. համար նախատեսված միջոցառումների ցանկ:
2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացավ ԵՄ քսանյոթ եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների եւ կառավարության ղեկավարների գագաթաժողովը` ազդարարելով Արեւելյան գործընկերության մեկնարկը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովի ընթացքում ստորագրվեց Արեւելյան գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր` հիմք դնելով առավել սերտ համագործակցությանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը: Արեւելյան գործընկերությունը նախատեսված է ընդլայնելու համագործակցությունը ԵՄ 27 անդամ երկրների եւ նախկին ԽՍՀՄ եվրոպական հատվածի վեց պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ադրբեջանի միջեւ: Արեւելյան գործընկերության օրակարգի հիմնական մասը ձեւավորվելու է ԵՄ-Արեւելյան գործընկեր երկկողմ հարթությունում: Բոլոր Արեւելյան գործընկերներին առաջարկվում է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, որոնք տարբերակվելու են համաձայն առանձին երկրների համագործակցության պահանջների եւ խնդիրների: Ասոցացման համաձայնագրերը կանոնակարգելու են ԵՄ օրենսդրության հետ համակարգված մոտարկումը եւ տարբեր ոլորտներում ընթացակարգերի ներդաշնակեցումը: Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով. 1.ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն, 2. տնտեսական ինտեգրում եւ համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ 3. էներգետիկ անվտանգություն եւ 4. մարդկանց միջեւ շփումներ:
Եվրամիության հետ ՀՀ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն տարեկան ինքնաբերաբար երկարաձգվում է:
Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ը առաջարկել է ասոցացման համաձայնագիր կնքել Հայաստանի հետ: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Ասոցացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Ասոցացման համաձայնագիրը նպատակ ունի խորացնելու ԵՄ հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը եւ խթանելու տնտեսական ինտեգրումը` ԵՄ օրենսդրության եւ չափանիշների հետ մոտարկման եւ երկուստեք շուկաներ մուտք ապահովելու նպատակով: Ասոցացման համաձայնագիրն ընդգրկելու է խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ դրույթներ: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին:
ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցությունը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում:
ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմ ձեւավորելու նպատակով մշակվել է ԵՄ հարեւանություն-Արեւելք (EURONEST) խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, որը պետք է դառնա մասնակից կողմերի միջեւ միջխորհրդարանական երկխոսության կառույց: «Եվրոնեստ»-ը կազմավորվելու է մի կողմից Եվրոպական խորհրդարանի, իսկ մյուս կողմից արեւելյան հարեւանների խորհրդարանների հավասար թվով պատգամավորներից: