Նախագահ Սարգսյանի անձնական գործոնը քարոզարշավում որոշիչ դարձավ


22:00 , 4 ապրիլ, 2017

Image may contain: 1 personՎերջին ընտրություններին Հանրապետականը հաջողեց, որովհետև ծրագրի ողնաշարը անվտանգությունն է` ներքին ու արտաքին: Հայաստանի ժողովրդին չի կարելի ո՛չ կոռուպցիան մեկ գիշերում վերացնելու, ո՛չ էլ տնտեսական հրաշքների մասին կարգախոսներով խաբել, մարդիկ բլեֆն ու ֆեյքը շատ լավ զգում են: Միևնույն ժամանակ, Հայաստանի ժողովուրդն առավել, քան որևէ այլ ժողովուրդ, գիտակցում է պատերազմի ու խաղաղության գինը, 6000-ամյա ժողովուրդը գենետիկ մակարդակով գիտի ապրել-մեռնելու, մոխրանալու և վերածնվելու խորհուրդը:

Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդը շարունակում է թիվ մեկ խնդիրը դիտարկել անվտանգության ապահովումը: Այստեղ Հանրապետականը լուրջ առավելություն ունի, որովհետև ՀՀԿ ղեկավարից լավ որևէ մեկը չի տիրապետում անվտանգության խնդիրներին: Հայ իրականության միակ պետական գործիչը, որ 1988-ից մինչև այսօր անշեղորեն ներգրավված է անվտանգության խնդիրներում, միակ պետական գործիչը, որ 1988-ից տիրապետում է արցախյան հիմնախնդրի բոլոր(!) մանրամասնություններին, Սերժ Սարգսյանն է: Մեր ժողովուրդը գիտի, որ անվտանգության ոլորտում մենք պարտվելու իրավունք չունենք, որովհետև պետականություն ունենալու ևս մեկ շանս պատմությունը մեզ չի տալու:

Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում ՀՀԿ վարկանիշի կտրուկ բարձրացումը պայմանավորված էր հենց այս հանգամանքով: Նախագահ Սարգսյանի անձնական գործոնը քարոզարշավում որոշիչ դարձավ, սա արդեն կայացած իրողություն է: Երիտասարդ (և ոչ միայն երիտասարդ) քաղաքական գործիչներին և քաղաքագետներին օգտակար կլինի սերտել այս դասերը...