01:04 , 21 մարտ, 2013
…. Գյումրեցի իմ լավ ընկերներից մեկը, փողոցում ինձ տեսնելով, կատակեց` «Իմացե՞լ ես՝ Երևանում արտագաղթի արձանն են կանգնեցնելու ու քանդակը Տիգրան Սարգսյանի կերպարով են կերտելու...»: Ճիշտն ասած, ի տարբերություն նրա մնացած հումորների՝ այս մեկը բացի ծիծաղից ինձ մոտ մտորումներ առաջացրեց:
Բանը նրանում է, որ Հայաստանում կա այսպիսի ավանդույթ՝ ամեն տեսակի ընտրություններից առաջ և հետո խոսվում է, որ վարչապետին հաստատ փոխելու են: Սակայն կա նաև այսպիսի երևույթ, երբ սովորական մարդիկ գործող վարչապետին սիրում են, այդ հնարավոր փոփոխության մասին խոսում են ափսոսանքով, ինչպես միշտ լինում էր Անդրանիկ Մարգարյանի պարագայում: Սակայն Տիգրան Սարգսյանի դեպքում այլ է, քանզի զավեշտալի է, բայց փաստ, որ թե՛ անապահով, թե՛ միջին խավից շատերը երկրի տնտեսության կործանման համար առաջին մեղավորը համարում են հենց նրան: Նրանք սարսափով են ընդունում այն տարբերակը, որ երդման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը կարող է վարչապետին թողնել իր պաշտոնում: Շատերը արդեն բացեիբաց հնչեցնում են, որ, եթե Սերժ Սարգսյանը գնա այդպիսի քայլի, ապա նրանց մնալը այս երկրում այլևս իմաստ չունի:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա այն, որ նա բացի սեր չվայելելուց, սովորական մարդկանց հարթության մեջ որոշակի նյարդայնություն է առաջացնում, դա ակնհայտ է և անմեկնաբանելի: Նույնիսկ ՀՀ կառավարության ընդունած որոշումներից կարելի է կռահել՝ տվյալ վարչապետը մտածում է արդյոք սոցիալապես վատ ապրող խավի մասին, թե ոչ, թե նրա որոշումները մեկ օր առաջ ավելի են հարստացնում արդեն հարուստներին: Տիգրան Սարգսյանը մի յուրահատուկ բանկային երաշխիքի է վերածվել օլիգարխիկ համակարգի համար, օրինակ՝ եթե նա անողոք է ատամնաբույժների հարցում, ապա նմանատիպ վերաբերմունք մենաշնորհային դաշտի նկատմամբ նա երբեք չի ցուցաբերել: Եվ այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահարուստները ընդհանրապես շահագրգռված չեն նրան ազատելու հարցում: Եվ խոսել, որ հաստատ այս անգամ Տիգրան Սարգսյանը այլևս վարչապետ չի լինելու, դեռ վաղ է:
P.S- Անձամբ ինձ միայն մի հարց է հուզում հետաքրքիր է՝ էլ ի՞նչ պետք է աներ Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում այդքան թույլ տված սխալների և բացթողումներից բացի, որպեսզի իրեն հանեն վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկից:
Մնում է հուսալ, որ, եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում մեկ պայծառ օր էլ ինքը հիասթափված արտագաղթի երկրից, ապա նա նույնիսկ չի մտածի Տիգրան Սարգսյանին ընդհանրապես, որևէ պաշտոնում տեսնելու մասին: