Ո՞վ ենք եղել մենք ի սկզբանե


23:02 , 20 մարտ, 2013

Ա. Պեպանյան

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2007 թ.

հատված

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ

«Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք»,- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Այն գերիշխող է քաղաքական քննարկումների, բանավեճերի ու կենցաղային զրույցների ժամանակ: Ու քանի դեռ այդպես ենք մտածում, ապա արմատական փոփոխության հույս անգամ լինել չի կարող: Այնպես որ, նախևառաջ հարկավոր է ջարդել կարծրացած, ամլության դրդող այդ տեսակետը: Այո’, մենք հիմա այսպիսին ենք, բայց բոլորովին ուրիշ տեսակ ենք եղել նախկինում: Մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն ամենևին, այդպես մեր մասին արտահայտվել են մեր պատմության ընթացքում մեր հետ շփված ժողովուրդները: Շումերական էպոսում հայերի երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ Շապուհի խոսքն է:
Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչու՞ ոչ` նաև աշխարհի հզորների թվում: Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր կառավարելու արվեստ:
Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաև ներկայիս եվրոպական, ժողովուրդների: Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսևորել են իրենց գերազանցությունը: Նրանք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձևավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները և ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն և, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որևէ դեպք: (Հայության հերոսական հին շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ Էդմոն Խուրշուդյանի «Արիական իմաստնություն» գրքին, որից հետո արմատապես կփոխվի սեփական ժողովրդի ու նրա պատմության և, որ ամենակարևորն է` նաև ապագայի հանդեպ գոյություն ունեցող հոռետեսական վերաբերմունքը):
Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ: Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր «Հայ ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, ապա նաև Աախենի, մինչև իսկ Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս: 
Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերը հայտնագործել են թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:
Մեր կողմից ավելացնենք, որ այս ամենից բացի, հայերը 15-17-րդ դարերում, զրկված լինելով պետականությունից, հաջողեցրել են տիրել համաշխարհային ծովային առևտրին: 

«Իսկ ի՞նչ կատարվեց մեզ հետ, որ կերպարանափոխվեցինք այսպես,- կհարցնի անշուշտ ընթերցողը:- Եվ ինչու՞, ի հակառակ մյուս ժողովուրդների, մեր պատմության երթը եղավ քաղաքակրթությունից դեպի քաոս»: 

ԳԱՀԱՎԻԺՈՒՄ