Ավետ Բարսեղյան. «Սիրո վերջնական գաղտնիքն ինձ համար բացահայտված չէ»


18:05 , 20 մարտ, 2013

Ավետ Բարսեղյանի հեղինակած երգերը շատերին են հուզում: Իր այս երիտասարդ տարիքում նա կարողացել է շատ գեղեցիկ բնորոշել սերն ու հայրենիքը: ArmStar.am-ը զրուցել է նրա հետ սիրո, կանանց և նրա ապագա կնոջ մասին:  

Ավետ,Դուք երիտասարդ, համակրելի տղամարդ եք, սերը գովերգող ու սիրո մասին գրվածբազմաթիվ երգերի հեղինակ, ինչպե՞ս է, որ մինչ օրս չեք ամուսնացել և որքան ինձ հայտնի է ընտրյալ չունեք:

Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու է այդպես, գուցե այն պատճառով, որ այդ միակը դեռ չկա, կամ եղել է, ես չեմ նկատել, կամ էլ չի ստացվել: Ընտրյալ հիմա չունեմ, սրտումս թագուհի չկա: Չնայած գիտեմ, որ եթե լինի, ինձ համար նա միակն ու անկրկնելին կլինի: Ես սիրառատ մարդ եմ և ամեն անգամ սիրահարվելիս տրվում եմ ամբողջ ուժով: Ինչպես գրել եմ Էրիկի երգում՝ «Առաջին ու միակ» -ում՝ «Դու ամբողջն ես իմ, այլ ոչ թե կեսը»:

 Ո՞վ է Ձեզ ոգեշնչում սիրո մասին այդքան գեղեցիկ երգեր ստեղծագործելիս:

Կին էակը: Առհասարակ մարդը՝ իր պարզ և բարդ բնավորությամբ, կյանքը: Իմ հեղինակած 600 երգերի մեծ մասը տղամարդու և կնոջ սիրո մասին է, ունեմ նաև հայրենիքի, մայրաքաղաքի մասին երգեր, նաև Էջմիածնի հիմնը: Բայց սիրո վերջնական գաղտնիքն ինձ համար բացահայտված չէ, եթե բացահայտվի, ինձ թվում է՝ էլ անելիք չեմ ունենա, չնայած գրել եմ «Երջանկության գաղտնիք» երգը, որտեղ ներկայացրել եմ երկու բայ, որոնք ամփոփում եմ այդ գաղտնիքը՝ սիրելը և սիրված լինելը:

Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, աղջիկը, որ գրավի Ձեր ուշադրությունը:

Ինձ համար կարևոր չէ, թե ինչ գույն կունենան նրա աչքերը: Ես 32 տարեկան եմ, այնքան էլ հիմար չեմ, որ նմանատիպ չափանիշներով շարժվեմ: Ես իդեալական կին չեմ փնտրում, ես փնտրում եմ լուսավոր էակ:

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ չկա հաջողության բանաձև,կա միայն ներդաշնակություն: Դուք գտե՞լ եք Ձեր ներդաշնակությունը:

Փառք Աստծո, որ ես այս տարիքում գտել եմ ներդաշնակության բանաձևը՝ այն, որ սիրված եմ, սիրում եմ, իսկ դա մի օր կհանգեցնի նրան, որ իմ կողքին կհայտնվի այն լուսավոր էակը, որի մասին ես այդքան գրել եմ, որովհետև ամեն երգում, ինչքան էլ դա ինչ-որ պատմություն ներկայացնի, լինի դիմացինի մասին, միևնույնն է, ես իմ տեսանկյունն եմ արտահայտում ու այդ անկյան մեջ ես իմ տեսածն եմ գրում: Առհասարակ ներդաշնակության բանաձևի բոլոր բաղադրիչները տեղավորվում են սեր բառի մեջ:

Վստահ եմ, որ շատ երկրպագուներ ունեք, նրանք Ձեզ երբևէ անհանգստացրե՞լ են:

Բացարձակ, նրանք միայն ինձ հանգստացնում են: Շփվում եմ նրանցից շատերի հետ, հանդիպում եմ: Ես նորմալ մարդ եմ, և իմ մեծամտության մասին լեգենդները չեն համապատասխանում իրականությանը:

Ստացե՞լ եք նամակներ, սիրո խոստովանություններ և եթե այո, ապա ինչպե՞ս եք արձագանքել:

Շոյվել եմ մինչև հոգուս խորքը:

Գրում եք երգեր սիրո մասին, բազմիցս նշել եք, որ կյանքում ամենից շատ Ձեզ ուրախացնում է սերը:  Սեր միայն կնո՞ջ  հանդեպ:

Առհասարակ այդ զգացողությունը… երբ մարդ սերը կրում է իր բնավորության, իր հոգու և մտքի մեջ, կյանքը նրա համար դառնում է ավելի թեթև, լուսավոր: Դա իդեալականին մոտ տարբերակն է: Օրվա ընթացքում ինձ մոտ ատելության դրսևորումներ էլ են նկատվում մարդկանց հանդեպ, աղջիկներն են նյարդայնացնում, հնարավոր է նաև, որ թե ես ջղայնացնեմ մայրիկիս և քույրիկիս, թե նրանք՝ ինձ: Բայց, ընդհանուր առմամբ, իմ կյանքն ավելի դրական է, քան բացասական, որովհետև ես ընտրել եմ «սիրո հենքը», որի վրա հենվում եմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերը դասել է հիվանդությունների պաշտոնական ցանկում: Համաձա՞յն եք նրանց հետ:

Ուրեմն խնդիրներ ունի Առողջության համաշխարհային կազմակերպությունը: Ծխելը գուցե արատ է, բայց թող այդ կառույցը սերը համարի որպես մարդու առողջության գրավական: Եթե մարդ առողջ է, նա առողջ է ընկալում սերը: Չնայած եղել են դեպքեր, որ ես հիվանդացել եմ, որովհետև դա չափի մեջ չի եղել: Դա գերզգացողություն էր՝ կրքի հետ խառնված: Ինձ մոտ նկատվել է անքնություն, դա մինչ այսօր էլ կա՝ սիրո մասին մտքերս գրառելու հարցում:

Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել:

Մանկապարտեզում: Նրա անունը Արմինե էր: Սևուկ, հետաքրքիր աղջիկ էր, ում համար ես մամայիս մատանիներն էի գողանում ու նվիրում:

Մի անգամ ասել եք, որ Ձեր՝ դեռևս չիրականացված երազանքներից մեկը երեխա ունենալն է: Դուք  դեռ երիտասարդ  եք, շուտ չէ՞ այդպես մտածել, այդպես չե՞ք կարծում:

Ընտանիքը ոչ միայն տղամարդու, այլև կնոջ ամենահաճելի հիմքն է: Իմ կարծիքով յուրաքանչյուրը պիտի հասկանա, թե «տեր» և «հնազանդ» բառերն ինչ են նշանակում: Ինքս կուզենայի շատ երեխաներ ունենալ, սակայն չեմ պլանավորել քանի աղջիկ, քանի տղա: Ասում են՝ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր քո պլանների մասին:

Մեկնարկել է կանանց միամսյակը, ի՞նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին:

Սիրելի կանայք, լավ եղեք, հավատացեք, որ հնազանդ բառի մեջ ոչ մի վատ ենթատեքստ չկա: Եղեք հնազանդ այն մարդկանց, ովքեր իսկապես տեր են: Եղեք նաև երջանիկ ու սիրված: