16:29 , 20 մարտ, 2013![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Վիրտուալ «ազգային հերոսներ», վիրտուալ պայքարողներ, քննադատող, «ամենագետ», «ամենաազնիվ», «ամենաօբյեկտիվ», «ամենագիտակ», «ամենասրտացավ» ինծելեկտուալներ, որոնք, մանրադիտակը ձեռքներին, լուրջ խորքային երեւույթները մոռացած, կառչել են ոչ էական, երկրորդական խնդիրներին, խոսքերին, բառերին, բառակապակցություններին: Դե’ իրենք ամեն ինչ գիտեն, անսխալական են…
Նրանք բժշկին կարող են խորհուրդ տալ՝ ինչպես վիրահատի, այգեպանը ինչպես մշակի այգին, քանդակագործը` քանդակի, դասախոսը` դասախոսություն կարդա, ճարտարապետը` նախագծի, շինարարը` կառուցի…
Էժանագին ելույթներ, էժանագին ստատուսներ, էժանագին հումորներ… Մի տեսակ ահավոր գավառամտությունն ու պարզունակությունն է գերիշխում, թույնն ու թշնամանքը: Հասարակությունը քաղաքացիների, տվյալ պետության բջջի` ընտանիքի, մարդկային հարաբերությունների հայելին է: Այդ հայելին, ցավոք սրտի, բազմիցս` դարեր, տարիներ շարունակ ջարդվել, փշրվել եւ մի կերպ կպցվել է, ուստի պատկերը, բնականաբար, աղճատված է: Աղճատված է մեր իրականությունը, աղճատված ենք մենք ինքներս…
Վիրտուալ հերոսներ, վիրտուալ մարտիկներ, գործիչներ, մասնագիտացված դժգոհներ…
Ես համոզված եմ, որ նրանց զգալի մասը, եթե Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, նորից պայքարելու են համակարգչի մոնիտորին աչքները չռած ու կռվողներին, զինվորականներին խորհուրդներ տալով, կռվել սովորեցնելով, քննադատելով, ավելի «լուրջ» մարտական գործողությունների ծրագրեր առաջարկելով…
Դե կռվելը, աշխատելը, արարելը հեշտ է, շատ հեշտ… Ա’յ, բարդը համակարգչից, զանազան հավաք-ֆորումներից «լուրջ» ծրագրեր առաջ քաշելն է, խորհուրդներ տալը, քննադատելը, մրոտելը, հայհոյելը…
Իսկ դուք՝ կռիվ, պատերազմ, կոնկրետ գործեր…