14:31 , 20 մարտ, 2013
Մեծ ուշադրությամբ կարդացի նախագահի ասուլիսի սղագրությունը, և նրա պատասխաններում կան մտահոգություններ, որոնց ցանկանում եմ անդրադառնալ, քանի որ իրավացիորեն կարևորվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Նշվեց, որ արտագաղթի բուն պատճառը գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Չեմ կարող չհամաձայնվել: Այլ կերպ ասած մեր երկրի քաղաքացիների մեծ մասը պատկերացում չունի, թե ինչպիսին է լինելու մեր պետությունը ապագայում` 10, 20, 30 տարի անց: Արդյո՞ք մեր պետությունը կարող է զարգանալ աշխարհի զարգացած պետություններին համահունչ, արդյո՞ք մեր սահմանները երբևէ կբացվեն, և մենք կապրենք խաղաղ տարածաշրջանում, արդյո՞ք մեր երեխաները կապրեն էկոլոգիապես մաքուր միջավայում և կլինեն առողջ: Այս և բազմաթիվ այլ հարցեր հնչում են ցանկացած մարդ էակի ուղեղում մշտապես, և դա բնական է: Հայաստանից մարդիկ արտագաղթում են, քանի որ նախադեպերը հուշում են, որ այդ հարցերի մեծ մասի պատասխանները, ցավոք սրտի, բացասական են: Օրինակ տարածաշրջանային մոտալուտ խաղաղության և համերաշխության մասին այսօր նույնիսկ մտածելը վաղ է, մենք ունենք ցեղասպանության նախադեպ, մենք ունենք պատերազմի նախադեպ և չունենք որևէ ապացուցելի երաշխիք, որ գոնե պատերազմ չի լինելու: Մնացած հարցերը, որոնք խստորեն փոխկապակցված են այս օրինակի հետ, նույնպես չունեն վստահության և երաշխիքի հիմքեր:
Հետևաբար, մեր հասարակությանը անհրաժեշտ է ցուցադրել, թե ինչպիսին է լինելու մեր պետության և մեր տարածաշրջանի ապագան առնվազն 30 տարվա կտրվածքով:
Այդ «ապագաների» միջև ընտրությունը իշխանության մենաշնորհն է: Հայաստանը իրատեսական հնարավորություն ունի ապագա 30 տարիների ընթացքում անդամակցել Եվրոպական Միությանը և դառնալ, օրինակ, Չեխիայի նման պետություն, Հայաստանը հնարավորություն ունի դառնալ Իսրայելի նման պետություն, որը կհենվի հսկայական սփյուռքի վրա և կարող է զարգանալ նույնիսկ թշնամական միջավայրում, Հայաստանը նաև հնարավորություն ունի ստեղծել առանձին զարգացման մոդել, որը չունի նախադեպ և կտանի երկիրը զարգացման: Այդ հնարավորությունները ոչ ոք չի կարող բացառել: Ես կատարել եմ մեր երկրի համար իմ ընտրությունը, իմ նման մտածում են հազարավոր մարդիկ, հազարավոր այլ մարդիկ էլ կատարել են իրենց ընտրությունը, իսկ այդ ընտրությունները այնքան շատ են, որ չկա հասարակական միասնական ընտրություն: Իսկ ավելի հոծ հասարակական զանգված որևէ ապագա չի տեսնում: Իշխանությունը պարտավոր է կատարել ընտրություն պետության «ապագաների» միջև, ազնվորեն ներկայացնել այդ ընտրությունը հասարակությանը, իսկ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը ընդամենը կարող են աջակցել:
Ցանկացած խելացի մարդ կարող է հարցնել, իսկ ի՞նչ, եթե այդ ընտրությունը կատարվի սխալ, չէ՞ որ մենք գործ ունենք մի ժողովրդի ու պետության ապագայի հետ: Խորին համոզմունքս այն է, որ նույնիսկ սխալ ու վատ կատարված ընտրությունը, որը համախմբում է հասարակությանը (քիչ հավանական), ավելի լավ է, քան իր պետության ապագան չպատկերացնող հասարակությունը:
Հետևությունս այն է, որ արտագաղթի հիմնական պատճառը խորը անոմիան է, և այն կանգնեցնելու միակ ձևը ամուր հիմքերի վրա դրված ապագայի կերտումն է:
Եթե Հայաստանի իշխանությունները գտնեն քաջություն և եվրոպական մերձեցումը հայտարարեն ոչ թե ծրագիր կամ վարկեր ու դրամաշնորհներ բերելու միջոց, այլև երկրի ապագա և տեսլական, եթե իշխանությունը Հայաստանի դրոշից բացի իր ձեռքը վերցնի նաև եվրոպական դրոշը, հասարակությունը կհամախմբվի, երկիրը կզարգանա, արտագաղթը կդադարի: