Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել


22:17 , 31 մարտ, 2017
 Արցախի  հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել Yerkir.am-ը գրում է.
 Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի  հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

 Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
 Հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ:
 Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը: Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին պատմող տեսաֆիլմը:
 Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին  հայրենասեր և հերոս զինվոր դաստիարակելու համար: Վիգեն Սարգսյանը հերոսի ծնողներին է հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը, որը շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար: