14:27 , 2 ապրիլ, 2017
Սովորաբար բանկերը գողության դեպքում իրենց հույսը դնում են այն բանի վրա, որ հանցագործներին կկարողանան գտնել նրանց թողած մատնահետքերով։ Մատնահետքերի սկաներները վաղուց են օգտագործվում, բայց կարծես թե ժամանակն է նորարար մեթոդներ գտնելու, քանի որ այդ միջոցներն արդեն մի փոքր հնացած են թվում։ Ահա թե ինչի վրա էին մի խումբ գիտնականներ աշխատում վերջին մի քանի տարվա ընթացքում։
Պարզվում է, որ մարդու գանգի կառուցվածքն իր մեջ պարունակում է համապատասխան ինֆորմացիա մեր ռասսայական պատկանելության, տարիքի և սեռի մասին, այսինքն՝ մեն գանգի ռենտգենային նկարն ուսումնասիրելուց հետո մասնագետները հեշտությամբ կարող են ասել, թե ինչ սեռի ու ռասսայի ենք պատկանում և քանի տարեկան ենք։ Օրինակ՝ վերջերս մի լքված վայրում գանգ հայտնաբերելով՝ ոստիկանությունը կարողացավ պարզել երիտասարդ ասիացի կնոջ սպանության գործը, որը բավականին երկար ժամանակ շարունակում էր մնալ առեղծված։
Հավանաբար գիտեք, որ յուրաքանչյուրի մատնահետքը տարբեր է մյուսինից։ Պարզվում է՝ գանգերը նույնպես. ցանկացած երկու տարբեր մարդկանց գանգերը տարբեր են։ Յուրաքանչյուր մարդու գանգի կառուցվածքը ժառանգաբար գալիս է իր ծնողներից, իսկ մեր նախնիներից մեզ փոխանցված գեները օգնում են ավելի խորը հասկանալ, թե որտեղից ենք ծագել և ինչ պատմություն ունենք։
Այս գործընթացն, իհարկե, թեստավորման կարիք ուներ։ Բազմաթիվ փորձեր են կատարվել, որոնց մասնակցել են տարբեր տարիքի, սեռի ու ռասսայի մարդիկ։ Արդյունքները ցույց են տվել, որ ըստ գանգի կառուցվածքի ստացած տեղեկություններն ունեն համարյա 97% ճշտություն։
Գանգերի հետ է կապված նաև մեր արտաքին տեսքը։ Օրինակ՝ այտոսկրի չափսը կամ ծնոտի կառուցվածքը որոշում են, թե ինչ տեսք կունենա մեր դեմքը, սակայն այս հանգամանքները հազիվ թե օգտագործվեն քրեական գործեր քննելիս, քանի որ այս ոլորտը դեռևս զարգացման կարիք ունի։