Նախագահի հայտարարությունը հստակություն մտցրեց ՌԴ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում


12:03 , 20 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ նախագահը, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, նշել է. «Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում, մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս»:
Վերջին ամիսներին, ինչ-որ առումով, նաև արհեստական ձևով, փորձ էր կատարվում սրել ինտեգրացիոն ճակատում ընթացող իրադարձությունները՝ և՛ ներսից, և՛ դրսից: Դրանց նպաստում էին, ինչպես եվրոպացի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, այնպես էլ ռուսական կողմից հնչող կարծիքները: Դեռ 2012 թվականի վերջին ՀՀ նախագահը ռուսական հեռուստաընկերություններցից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով վերոնշյալ թեմային, ասել էր, որ բացի մեծ թվով տեխնիկական խնդիրներից` կա նաև մեկ այլ շատ կարևոր խնդիր` Մաքսային միության պոտենցիալ անդամների հետ սահմանի բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է: 
Դրանից բացի, նախագահը շեշտեց, որ համապատասխան քննարկումները գնում են երկու կողմերի միջև ստեղծված մասնագիտական հանձնաժողովների միջև (քննարկումների նշաձողը բավականին իջեցվեց):
Նախագահի այս հայտարարությունը հստակություն մտցրեց հիմնական գործընկերների հետ հարաբերություններում՝ մի կողմից ՌԴ-ի, ով նաև ռազմավարական դաշնակից է, մյուս կողմից ԵՄ-ի, ում հետ և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությունը մանավանդ վերջին տարիներին բավականին թափ է հավաքել:
Երկրորդ, նախագահը ոչ միայն ցույց տվեց, որ գործընկերների հետ հարաբերություններում կողմ է ազնիվ ու բաց համագործակցության, այլև հստակ ուղերձ հղեց միջազգային հանրությանն առ այն, որ ցանկացած երկրի հետ փոխհարաբերություններում Հայաստանը, հաշվի առնելով այլոց հետաքրքրությունները, այնուամենայնիվ, առաջնորդվում է միմիայն սեփական շահերով:
Երրորդ. Այս թեմայով նախագահի վստահ հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանի դիրքորոշումը ինտեգրացիոն հարցերում ընկալելի է և ընդունելի է միջազգային հանրության կողմից: