Փաստորեն Սերժին հետաքրքրում է ոչ թե իրականությունը, այլ թղթերը


18:10 , 19 մարտ, 2013

Ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանում օլիգարխներ չկան, կան միայն թաքնված գործարարներ, ովքեր, այո՛, ունեն բիզնես, սակայն թղթերով ամեն ինչ կարգին է: Փաստորեն, Սերժ Սարգսյանին հետաքրքրում է ոչ թե իրականությունը, ոչ թե ՀՀ օրենսդրության այն պահանջը, որ գործարարությամբ զբաղվողն իրավունք չունի լինել պատգամավոր, այլ փաստաթղթերը, որոնք փաստացի կարգին են: Հավանաբար «փաստաթղթերը կարգին են» ասելով Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել այն, որ, ենթադրենք, Լֆիկ Սամոյի բիզնեսները կնոջ անունով են, անգամ նրա քթի վիրահատության փողը կինն է վճարել: Իսկ Լֆիկ Սամոյի կինը, ինչպես հայտնի է, պատգամավոր չէ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ օլիգարխները, ամենևին էլ գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ չեն: Իսկ որ երբեմն լրատվամիջոցներում տարատեսակ «շեդևրներ» են հայտնվում, մեղավորը ոչ թե օլիգարխներն են, այլ լրագրողները: Այո՛, այո՛, լրագրողները, այդ նրանք են Լֆիկ Սամոյին ու Թոխմախի Մհերին սադրիչ հարցեր ուղղում, չեն կարողանում բացահայտել նրանց «գլոբալ» մտածողությունը: