23:06 , 18 մարտ, 2013
Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի համար երեք ճանապարհ է տեսնում։ «Առավոտի» փոխանցմամբ` այս մասին մարտի 18-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ գործող նախագահի՝ նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է իրեն, թե ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը:
Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ: Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:
Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:
Ըստ «Առավոտի»՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտել է՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է:
Դրան նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելուց հետո:
Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին:
Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը:
«Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած: