Սերժ Սարգսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում»


22:57 , 18 մարտ, 2013

Սերժ Սարգսյան.  «Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չի հաղթել ընտրություններում»Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը և թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված. հայտնում է «Առավոտը»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը:

«Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: