Թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման «տեղատարափը»


18:30 , 20 մարտ, 2017

Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 14 մլն 668,5 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանվող ապրանքների արժեքն ավելացել է 5,2 տոկոսով: 2016 թվականին արտահանվել էր 13 մլն 949,3 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր:

Image may contain: text

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին կազմել են 18 մլն 986,6 հազար դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 52 տոկոսով ավել է: 2016 թվականի հունվարին այն կազմել էր 12 մլն 492,9 հազար դոլար: Միևնույն ժամանակ, աճ են գրանցել նաև այս երկու ապրանքների ներմուծման ծավալներում: 2017 թվականի հունվարին Հայաստան են ներմուծվել 12 մլն 98,5 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր:

Այն 2016 թվականի հունվարի համեմատ ավելացել է 2,4 անգամ: Իսկ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալները 2016 թվականի հունվարին կազմել էին 8 մլն 533,7 հազար դոլար: Այս տարվա հունվարին այն կազմել է 14 մլն 508,8 հազար դոլար` աճելով 70 տոկոսով: