Բարոյահոգեբանական խուճապ ադրբեջանական բանակում


15:42 , 17 մարտ, 2017

Իրականում ադրբեջանական բանակում քաոտիկ իրավիճակ է, զորամասի «լավ տղերքը» ծեծելով սպանել են զինծառայողին: Այնուհետև փաստը որպեսզի հնարավոր լինի տեղավորել ու այլ խնդիրներից խուսափել, ռազմաքարոզչական «ուղեղները» որոշում են, որ այդ զինվորը իբր «զոհվել է հայկական ագրեսիան հետ մղելու մարտերի ժամանակ» ու որպեսզի առանց այն էլ եղած դժգոհությունը ավելի շատ չխորանա, զոհված զինվորի հարազատներին ադրբեջանական իշխանությունները բնակարան են նվիրում:

Երկու օր առաջ Ադրբեջանի՝ կինոռեժիսորի համբավ ունեցող պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ և բարձրացնում է արդեն կնճռոտված բանակի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցը: Զորամասերի հրամանատարներին և դաստիարակչական գծով տեղակալներին հրահանգում է, որ բարձր մակարդակի վրա պահեն զինվորների կրթական և դաստիարակչական խնդիրները: Ուրեմն՝ բարոյահոգեբանական վիճակ ասվածը, միշտ էլ եղել է լոկալ խնդիր իր լոկալ լուծման մեթոդաբանությամբ: Եվ եթե ռեժիսոր-նախարարը գլոբալ խնդիր է համարում ու ընդհանուր բոլորին հրահանգում է առավելագույն ուշադրություն դարձնել խնդրին, ապա նշանակում է, որ բանակի անձնակազմի մեջ ահագնացող խնդիր է հասունանում:

Երեք օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաթաթա էր տալիս, թե իբր լրատվականները առանց պաշտպանության նախարարության հետ ճշտել ու հրապարակել են բանակում ինքնասպան եղած զինվորի մասին տեղեկություն: Այսինքն՝ գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներին մեղադրական նախազգուշացումներ է անում ոչ թե նրա համար, որ վերջիններս չճշտված ու սխալ տեղեկություններ են հայտնում, այլ մեղադրում է, որ ընդհանրապես նման ինֆորմացիա են շրջանառում: Այսինքն՝ այստեղ նախարարության հետ ճշտումը հստակորեն մեկ բան է նշանակում՝ լուսաբանե՞լ, թե՞ չլուսաբանել, տեղեկացնե՞լ հանրությանը, թե՞ չտեղեկացնել այդ դեպքի ու դրա հետ կապված մանրամասների մասին:

Այս երեք փաստերը խոսում են մեկ բանի մասին, որ Ադրբեջանի բանակում, կոպիտ ասած, «ԲԱՐԴԱԿ» է տիրում: Սա լա՞վ է, անշուշտ այո:

Ադրբեջանը, շարունակ մեծացնելով ռազմական բյուջեն, ավելացնելով սպառազինությունը, անտեսել և շարունակում է անտեսել մեկ կարևոր հանգամանք՝ զինվորին ու այդ սպառազինությունն օգտագործողին: Սպառազինություն ձեռք բերելը միգուցե տեխնիկական խնդիր է ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, բայց միայն սպառազինությամբ ասել, որ բանակը մարտունակ է, մոլորություն է: Համենայն դեպս, Ադրբեջանում հավատում են դրան, ու դա շատ լավ է: