Ինչ է սպասվում հայ հանդիսատեսին՝ աշխարհահռչակ երաժիշտ Ռիշար Կլայդերմանի վաղվա մենահամերգին


14:15 , 17 մարտ, 2017

«Աշխարհի ամենահաջողակ դաշնակահար» (The most successful pianist in the world). հենց այսպես է նշված համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում հանրաճանաչ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը, ով կրկին Երևանում է: Լուսադեմին Երևան ժամանած դաշնակահարի առաջին հանդիպումն այսօր լրագրողների հետ էր:

Grand hotel-Երևան հյուրանոցում հավաքված լրագրողների հետ զրույցում Կլայդերմանը կիսվեց անցած տարվա՝ Հայաստան այցից ստացած իր տպավորություններով ու պատմեց կայանալիք համերգի մասին որոշ մանրամասներ: Հայկական ստեղծագործություններ այս անգամ էլ չի նվագի Կլայդերմանը, սակայն խոստանում է իր հաջորդ՝ երրորդ այցի ժամանակ անպայման ուրախացնել հայ հանդիսատեսին և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից հատվածներ նվագել: 

  
Լեգենդար դաշնակահարը նվագում է դասական, էթնիկ և կինոերաժշտության բնագավառներում, գործիքավորող  է և փայլուն կատարող: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից, դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: «Ուզում էի հայտնի դառնալ Ֆրանսիայում, բայց արդյունքում դարձա աշխարհահռչակ»,- մի առիթով ժպիտով նշել է հանրահայտ դաշնակահարը՝ վերագրելով իր հաջողությունների մեծ մասը ճակատագրի՝ իր հանդեպ բարեհամբույր վերաբերմունքին ու սեփական աշխատասիրությանը:


Երաժիշտն ասում է, որ իր գործունեության ամենասկզբում բացառապես դասական երաժշտություն էր նվագում, քանի որ հենց այս ժանրում է նա ստացել երաժշտական կրթություն, սակայն հետագայում իր նվագացանկում տեղ գտան սիրված երգեր ու մեղեդիներ բոլորովին տարբեր ժանրերից: «Աստիճանաբար գնացել եմ դեպի պոպուլյար երաժշտություն, սակայն այդ անցումը շատ սահուն է եղել: Ես երևի հասկանում էի, որ չեմ ուզում դասական երաժշտություն նվագել ու գնացի այն երաժշտության հետևից, որն ինձ դուր էր գալիս»,- ասում է Կլայդերմանը: 

Կլայդերմանն իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: PauldeSennevile-ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում, 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի և ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար՝ յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:


 Հայաստան կատարած կարճատև, բայց հագեցած այցի շրջանակներում Կլայդերմանն ունի կարևոր մի քանի նպատակ՝ համերգ տալ Հայաստանի՝ իրեն սիրող ու գնահատող հանդիսատեսի համար ու նաև համտեսել հայկական խոհանոցի կերակուրներից: Իսկ վաղվա համերգին Կլայդերմանը  կնվագի  համաշխարհային կինեմատոգրաֆի լեգենդար կոմպոզիտորներից մեկի՝ Էնիո Մարիկոնեի ստեղծագործություններից, ինչպես նաև կհնչեն սիրված ու հանրահայտ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլն:
Լրագրողների հետ հանդիպման վերջում Կլայդերմանը հավաքվածներին բացառիկ անակնկալ մատուցեց ու նվագեց «Բալադ Ադելինի համար»-ից մի հատված և սիրով լուսանկարվեց երկրպագուների ու իր արվեստը սիրող ու գնահատող մարդկանց հետ:

Հիշեցնենք, որ Ռիշար Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ կանանց միամսյակին նվիրված  համատեղ համերգը տեղի կունենա Մարտի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի