20:58 , 16 մարտ, 2017
Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, իր շարժական և անշարժ գույքով ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այնտեղ գործունեություն է ծավալելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: «Այդ կենտրոնում հնարավորություն կլինի ձևավորել լավագույն ավագ դպրոցը, որտեղ իրականացվելու է ակադեմիական բարձր մակարդակի ծրագիր, ստեղծված են լինելու հանրակացարանային տեսակի լավ կենցաղային պայմաններ, կան մարզական լավագույն հնարավորությունները և այլն: Կարողանալու ենք վարժարանի լավագույն փորձը համադրել լավ պայմանների հետ: Ավագ դպրոցը շեշտը դնելու է զինվորական մասնագիտության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պաշտպանության նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է ավագ դպրոցի շրջանավարտներին ուսումը շարունակելու համար ուղարկել լավագույն ռազմական ակադեմիաներ՝ ՌԴ, Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան և այլն: