«Ստվերային կաբինետի» մասին մի քանի նկատառում


12:47 , 18 մարտ, 2013

Ստորեւ «Ստվերային կաբինետ» բառերը չակերտների մեջ եմ վերցնում ոչ թե այդ երեւույթի հանդեպ բացասական վերաբերմունք արտահայտելու համար, այլ այն պատճառով, որ այդ ստրուկտուրայի թէ՛ ձեւը եւ թե՛ անունը հետագայում կարող են շատ տարբեր լինել: Ես այդ բառակապակցությունն օգտագործում եմ միայն որպես ժամանակավոր տերմին:

Նման ստրուկտուրայի նպատակահարմարությունը բխում է ոչ միայն միջազգային փորձից, այլեւ Հայաստանի վերջին տարիների զարգացումներից: Օրինակ՝ չնայած այն բանին, որ կա ՀՀ Բնապահպանության նախարարություն, Հայաստանում վերջին տարիների բնապահպանական ակտիվությունը իրականացվում էր ալտերնատիվ հասարակական կառույցների միջոցով: Նույն կերպ՝ չնայած կա ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, բայց Երեւանում ապօրինի շինարարություն դեմ պայքարը առաջնորդում են հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ: Այս կամ այն չափով նման երեւույթ նկատվում է նաեւ այլ ոլորտներում նույնպես: 

Ուստի «Ստվերային կաբինետի» կազմումը ոչ միայն կշեշտի եւ կուժեղացնի նշված միտումները, այլեւ ավելի «ստրուկտուրացված»/«մասնագիտականացված» բնույթ կտա հետընտրական պրոցեսին, քանի որ այս պրոցեսը չի կարող հավերժ շարունակվել միայն ընդհանուր բանաձեւերով: Պատահական չէ, որ «Ստվերային կաբինետի» գաղափարը արտահայտվեց միանգամից մի շարք շարժումների կողմից: 

Այս տրամադրությունների սպասելի հետեւանք է այն, որ օրերս սկսել են նշել «Ստվերային կաբինետի» հնարավոր «նախարարների» անունները: Չնայած սպասելի լինելուն, այս գործը ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԱՆՑ («ստվերային նախարարների») ձեւաչափով կազմակերպելը մի քանի պատճառներով աննպատակահարմար է: Այդ աննպատակահարմարությունը ունի տարբեր պատճառներ.
- ամեն մի կոնկրետ անձ ունի տարբեր դրական ու բացասական անհատական գծեր, որոնք հավելյալ քննարկման եւ քննադատություն դուռ են բացում. «Ինչո՞ւ կրթության ստվերային նախարար ընտրեցին այսինչին եւ ոչ այնինչին», եւլն;
- այս մոտեցումը չի նպաստում նաեւ միջկուսակցական համերաշխությանը, քանի որ եթե մի «ստվերային նախարարը» մի կուսակցությունից է, ապա մյուս կուսակցությունները իրենց այդ ոլորտում շրջանցված կզգան:

Ուստի ավելի արդյունավետ կլինի այս պահին առաջին պլան դուրս չբերել կոնկրետ «նախարարների» անուններ, այլ «Ստվերային կաբինետը» կառուցել բաղկացած մասնագիտական աշխատանքային խմբերից կամ կոմիտեներից: Ամեն խումբ կամ կոմիտե կարող է ներառնել տարբեր կուսակցությունների (անգամ Հանրապետական Կուսակցության) անդամներ եւ զբաղվել իր ոլորտով: 

Դրանից բացի, անհրաժեշտ է խուսափել պետական պաշտոնական կառույցների հետ առճակատումը այդ խմբերի գործունեեության հիմնական առանցքը դարձնելուց: Չէ՞ որ երեւանցիները պայքարում էին Մաշտոցի պուրակի համար՝ առանց խորանալու այն հարցում, թե իրենց շարժումը որքանով է դեմ ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը...

18.03.2013