11:25 , 15 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի «Արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում է ասվում է. «Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»:
ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարի հետևյալ լուծումներն է առաջարկում: Առաջին՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն: Երկրորդ՝ ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի կիրառումը: Երրորդ՝ ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով: Չորորդ՝ ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը: Եվ հինգերորդ՝ ներդնել ազդարարների պաշտպանության և շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգ։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հստակ առանձնացված բաժին չկա: Միայն «Պետական կառավարում» վերնագրով բաժնում նշված է. «Ապահովել պետական մարմինների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Պատասխանատվությունը պետք է լինի հասցեական ու անձնավորված: Պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի համար պետք է սահմանվեն արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներ: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, թե որոնք են իր իրավունքներն ու պարտականությունները և ինչի համար է պատասխանատվություն կրելու»:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր ծրագրի «Շնորհապետություն» մասում գրում է. «Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների և որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից և ԲՈւՀ-երից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ