Խոսրով Հարությունյանը՝ որոշ կուսակցությունների նախընտրական գայթակղիչ խոստումների մասին


10:59 , 15 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում արձագանքել է  գյուղացիական էժան վարկեր տրամադրելու, բանկերին  ունեցած պարտքերը ներելու, աշխատավարձերն ու կենսաթոշակը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ այն  գայթակղիչ խոստումներին, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում տալիս են որոշ կուսակցություններ: Խոսրով Հարությունյանը   վերլուծել է, թե որքանով կարելի է այդ խոստումներն իրատեսական համարել և թե ինչ հետևանքներ կարող է կրել տնտեսությունը, եթե   պատկերացնենք, որ այդ խոստումները հնարավոր է  իրականացնել:

Անդրադառնալով գյուղացիական վարկերի համար  ցածր՝ 2-ից 3 տոկոսադրույք սահմանելու կամ բանկերում գոյացած պարտքերը ներելու  խոստումներին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ բանկերի առջև նման նախապայմաններ դնելը    կհանգեցնի գյուղացիական վարկեր տրամադրելուց հրաժարվելուն, իսկ գյուղացիները կհայտնվեն ավելի ծանր վիճակում:

«Կարծում եմ՝ մենք կարող ենք ժամանակի ընթացքում  քննարկել  տարաժամկետ վճարումների համակարգը, բայց  եթե փորձենք  վարչական եղանակով սահմանափակել բանկերին, թե   պետք է 3 տոկոսանոց վարկ տաք այն դեպքում,  երբ վարկի գինը իրականում 6, 7, 8 կամ 10 տոկոս է, մենք գյուղացիներին ուղղակի կզրկենք վարկերից, որովհետև ոչ մի բանկ այդպիսի վարկավորման տակ չի մտնի: Ես գտնում եմ, որ արդյունքում  մենք   ոչ թե կօգնենք գյուղացուն, այլ   կգցենք  ծանր վիճակի մեջ՝ հարվածի տակ դնելով նաև բանկային համակարգը»,- ասել է Հարությունյանը՝ էժան վարկերի մասին  խոստումները որակելով այսրոպեական քայլ ՝  հաճոյանալու համար:

Նա նաև հիշեցրել է, որ  վերջին 3 տարիներին կառավարությունը  գյուղացիների համար  վարկային ռեսուրսները մատչելի դարձնելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարել, և պետբյուջեից   սուբսիդավորման շնորհիվ  գյուղացիական   վարկերը տրամադրվում են  5-ից 6 տոկոսով, ինչը մատչելի է համարվում:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է նաև կենսաթոշակն ու աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու, այդպիսով նաև տնտեսությունն ակտիվացնելու  մասին խոստումներին և կարծիք է հայտնել, որ   տնտեսագիտական հաշվարկները, ըստ որոնց այս ամենի արդյունքում վճարունակ պահանջարկին կհետևի  վճարունակ առաջարկը, միայն  առաջին հայացքից են անխոցելի թվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ