5 պատահական համընկնումներ, որոնք ուղղակի անհավատալի են թվում


20:59 , 15 մարտ, 2017

Այս համընկնումները զարմացնում են իրենց խորհրդավորությամբ և հետաքրքրությամբ: Բոլոր այս պատմություններն իրական են:

1. 1913 թ. Հիտլերը, Ստալինը, Տրոցկին, Բրոզ Տիտոն և Զիգմունդ Ֆրեյդը իրար հարևանությամբ էին ապրում Վիեննայում: Նրանցից մի քանիսն անգամ պարբերաբար նույն սրճարաններից էին օգտվում: Ստալինը և Տրոցկին քաղաքում թաքնվում էին ռուսական ժանդարմից: Հոգեվերլուծության հիմնադիր Ֆրեյդը Վիեննայում զբաղվում էր բժշկական պրակտիկայով, իսկ Տիտոն աշխատանք և լավ կյանք էր փնտրում: Հիտլերն այդ ժամանակ 24 տարեկան էր և արդեն երկու անգամ չէր կարողացել ընդունվել Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, ապրում էր աղքատների համար նախատեսված հանրակացարանում:

2. Ու՞մ է Ձեզ հիշեցնում 3000 տարվա պատմություն ունեցող այս եգիպտական կիսանդրին: Այն վերագրվում է մ.թ.ա. 1550-1050 թթ.-երին՝ Նոր թագավորության շրջանին, այսինքն՝ Ռամզեսի և Թութանհամոնի կառավարման ժամանակաշրջաններին: Կիսանդրու դեմքի վրա այտերը փոքր-ինչ դուրս են ցցված, աչքերը խոշոր են և բարակ ու չափազանց փոքրիկ քիթ ունի: Այս բոլոր հատկանիշները միանգամից հիշեցնում են փոփի արքային: Մայքլ Ջեքսոնի մահից հետո՝ 2009 թ., կիսանդրին առավել հայտնի դարձավ: Էքսպոնատը պահպանելու համար թանգարանի աշխատակիցներն այն թաքցրին ցուցափեղկերի հետևում և արգելեցին այցելուներին դիպչել կամ համբուրել այն:

3. Ուոլտեր Սամերֆորդ անունով մի մարդու կյանքի ընթացքում երեք անգամ հարվածել է կայծակը: Նրա մահից հետո էլ կայծակը հարվածել է նրա գերեզմանին՝ մեծ ճեղք առաջացնելով: Սակայն Սամերֆորդը միակ «երջանիկը» չէր: Նրա հետ մրցակցության մեջ կարող է մտնել Ռոյ Սալիվանը՝ այգու պահակը, ով իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացնում է բացօթյա տարածությունում, և կայծակը նրան հարվածել է յոթ անգամ:

4. 1930-ական թվականներին Դետրոյթում բարձրահարկ տնից ցած է ընկել մի երեխա, սակայն հաջող կերպով վայրէջք է կատարել Յոզեֆ Ֆիգլոկի վրա, որն այդ պահին քայլում էր փողոցով: Երկուսն էլ ողջ են մնացել: Մեկ տարի անց ՆՈՒՅՆ ԵՐԵԽԱՆ նորից ցած է ընկել ՆՈՒՅՆ ՏՆԻՑ, վայրէջք է կատարել ՆՈՒՅՆ ՄԱՐԴՈՒ վրա, և այս անգամ էլ երկուսն էլ ապրել են: Առաջին դեպքը իրոք բախտի բերում էր, սակայն երկրորդն արդեն չափազանց անհավատալի է:

5. «Տիտանիկի» խորտակումից 14 տարի առաջ գրող Մորգան Ռոբերտսոնը մի վեպ է գրել՝ «Դատարկություն կամ Տիտանի վախճանը» վերնագրով: Այս վեպում նավը կոչվում էր «Տիտան», գնում էր այն նույն ուղղությամբ, որով որ գնացել է Տիտանիկը, գրեթե նույն արագությամբ և խորտակվել է այսբերգին հարվածելու արդյունքում: «Տիտանն» ուներ մոտ 244 մ երկարություն և և շարժվել է 46,3 կմ/ժ արագությամբ, իսկ «Տիտանիկն» ուներ մոտ 269 մ երկարություն և ընթանում էր 41,7 կմ/ժ արագությամբ: Համընկնումն այնքան անհավատալի էր և հետաքրքիր, որ «Տիտանիկի» ողբերգությունից հետո այդ գիրքը վերահրատարակվեց մի քանի փոփոխություններով: