ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի բանակցման գործընթացը չենք պայմանավորել 3-րդ կողմի հետ ունեցած հարաբերություններով. Կարեն Նազարյան


11:05 , 14 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթուղթը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած Հայաստանի պարտավորություններին:

Միաժամանակ, Կարեն Նազարյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը չի շրջանցել հետաքրքրությունը, որը ցուցաբերում էին իր ավանդական գործընկերները: Խոսքը, ըստ նրա, ոչ միայն ռուսական կողմի մասին է: «Եղել են խորհրդակցություններ, և ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև գործընթացով հետաքրքրված մյուս երկրների հետ՝ հնարավորինս ներկայացնելով բանակցային գործընթացի նպատակը և ընթացքը: Բայց իրավական պարտավորություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը երրորդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է ՀՀ և ԵՄ-ի միջև»,- ասել է նա:

- Պարո՛ն Նազարյան, եթե թույլ կտաք, ուզում եմ հարցազրույցը սկսել քաղաքական-հասարակական շրջանակներում հնչեցվող հարցադրումից, թե Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական համաձայնագրի քննարկումն ինչո՞ւ այսքան երկար տևեցին, երբ դրա մի մասը՝ քաղաքական բաղադրիչը, արդեն իսկ բանակցվել էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

- Փորձեմ մի փոքր բացել փակագծերը ժամկետների հետ կապված, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի բանակցային ողջ գործընթացի դինամիկան: Առհասարակ, ԵՄ-ի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկել էր 2014թ.-ի դեկտեմբերին մտքերի փոխանակման ձևաչափով, որի նպատակն էր ի մի բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շրջանակը, ուղենշել այն խնդիրները, որոնք պետք է ներառվեին ապագա փաստաթղթում: Գործընթացը տևեց մոտավորապես 4 ամիս, որից հետո ԵՄ անդամ-երկրներում տեղի ունեցան ընտրական գործընթացներ, ԵՄ կառույցներում նոր պաշտոնատարներ նշանակվեցին, ձևավորվեց Եվրոպական խորհուրդը, խորհրդարանը, հանձնաժողովը, դրա ենթակա մարմինները։ Արդյունքում, 2015թ.-ի հոկտեմբերի կեսերին ԵՄ խորհրդի կողմից եվրոպական կողմից տրվեց մանդատ՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու համար, իսկ դեկտեմբեր սկզբին պաշտոնապես ազդարարվեց բանակցությունների մեկնարկը՝ ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից:

Բուն բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ տևեց 1 տարի 4 ամիս, և կարծում եմ, որ կողմերին հաջողվեց բավական կարճ ժամանակահատվածում բարեխիղճ աշխատանք կատարել: Նախորդ շրջանի համեմատ այս բանակցությունները բավական պահանջկոտ էին՝ մասնագիտական, փորձագիտական առումներով, և մեր խնդիրն էր ի մի բերել ապագայում ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթղթի շրջանակի իրավական հանձնառությունների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող պարտավորվածությունների հետ: Կարծում եմ՝ դա հաջողվել է. անցած ամսվա վերջում, Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին:

- Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխն ամբողջապես պահպանվե՞լ է իրավական շրջանակային նոր համաձայնագրում, թե՞ կրճատումներ կան:

- Պատասխանեմ հետևյալ կերպ. նոր համաձայնագրի բանակցությունները խարսխվում էին Հայաստանի և Եվրամիության միջև վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, հարաբերությունների ընթացքի, դրանց խորության և առաջնայնությունների վրա: Անշուշտ, մենք նաև հենվել ենք նախկինում արձանագրած առաջընթացի, ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, որոնք բխում էին նախկին բանակցային գործընթացից կամ նախկինում երկուստեք ստանձնած հանձնառություններից: Ի դեպ, դրանց մի մասը ձևակերպված էին Արևելյան գործընկերության փաստաթղթերում, հռչակագրերում: Ասել, որ բանակցությունների հիմքում միայն նախկինում բանակցված փաստաթուղթն էր, ամբողջական պատկեր չի լինի: Այս նոր համաձայնագիրն արտացոլում է նաև կողմերի մոտեցումները, դիրքորոշումները՝ միջազգային, տարածաշրջանային զարգացումներից ելնելով: Սա համապարփակ փաստաթուղթ է, արտահայտում է Հայաստան-Եվրամիություն 25-ամյա հարաբերությունների ծավալը, ուղենշում է դրանց հետագա զարգացման հեռանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ