Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է անում զինվորներին հետ քաշել թուրքական ռազմաբազայից


14:56 , 13 մարտ, 2017
168.am-ը գրում է.

Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն: Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Սահրա Վագենկնեհթը պահանջել է հետ քաշել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին, ինչպես նաև դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

Կանաչների կուսակցության պատգամավոր Մարի Լուիզ Բեքը, ի պատասխան թուրքական կողմից հնչեցվող մեղադրանքների` առաջարկել է Էրդողանից հետ վերցնել 2005 թվականին շնորհված «Բարեկամության մրցանակը»:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունների լարվածությունը, առաջարկել է, որ Եվրամիությունն ընդհանուր ռազմավարություն մշակի` կապված թուրք պետական գործիչների կողմից կազմակերպվող միջոցառումների հետ:

Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ Էրդողանն իրենց ճգնաժամի մեջ ներքաշի:
Նիդերլանդները մարտի 11­ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:

Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Նման որոշում էր կայացվել նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի համար, ով Գերմանիայի տարածքով Նիդերլանդներ մտնելուց հետո «անցանկալի անձ» էր հայտարարվել ու արտաքսվել երկրից:

Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Էրդողանը կատարվածի առնչությամբ սպառնալիքներ էր հնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով, որ երկիրը թանկ կվճարի այդ ամենի համար։