06:14 , 13 մարտ, 2017
Աշխարհի խոշորագույն՝ FAST ռադիոաստղադիտակը, որը գտնվում է Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգի լեռնային շրջանում, բացել են զբոսաշրջիկների անվճար այցելության համար։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
FAST-ը գործի էր դրվել 2016 թվականի սեպտեմբերին։
Հաղորդվում է, որ աստղադիտակի նորմալ աշխատանքի ապահովման համար 5 կմ շառավղով առանձնացված է այսպես կոչված «լռության գոտի», որտեղ կարգելափակվեն բջջային հեռահաղորդակցական սարքերի բոլոր ազդանշանները։ Դիտահարթակ մուտքից առաջ զբոսաշրջիկները ստիպված կլինեն հանձնել բջջայինները, թվային ֆոտոխցիկները, սմարթ-թևնոցները և այլ սարքեր։
Ամեն օր աստղադիտակ կարող են այցելել միայն 2000 զբոսաշրջիկներ։ Միակ վճարովի ծառայությունը զբոսաշրջային գոտում ուղևորություններն են հատուկ մաքոքով և աստղագիտական թանգարան այցելությունը։
Հսկա ռադիոաստղադիտակի կառուցման նախաձեռնությունն առաջ էր քաշվել չինացի մասնագետերի կողմից 1994 թվականին։ 30 ֆուտբոլային դաշտի մակերես զբաղեցնող աստղադիտակի շինարարությունը սկսվել էր 2011 թվականի մարտին։ Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 1.2 մլրդ յուան (մոտ 180 մլն դոլար)։