Nike-ը նոր հավաքածու է թողարկում՝ հատուկ մահմեդական սպորտսմենուհիների համար


21:51 , 12 մարտ, 2017

Սպորտային հայտնի բրենդն այս անգամ զարմացրել է բոլորին իր նոր, սպորտային հիջաբների հավաքածուով՝ մահմեդական սպոորտսմենուհիների համար: «Nike Pro Hijab» հավաքածուի ապրանքները կարված են ամուր, միաշերտ կտորից:

«Ճիշտ է, գաղափարը զարգացրել ենք այս տարվա ընթացքում, սակայն սպորտային հիջաբների անհրաժեշտություն կար դեռ այն ժամանակվանից, երբ համաշխարհային սպորտային խաղերին սկսեցին մեծ թվով կանայք մասնակցել»,- իրենց հայտարարության մեջ նշում են Nike-ի ներկայացուցիչները:

«Խաղերին հիջաբով մասնակցելու միտքն առաջին անգամ ի հայտ եկավ 2012 թ., երբ Լոնդոնում հիջաբով վազորդուհին գրավեց բոլորի ուշադրությունը»,- ասում է Սառա Աթարը՝ սպորտսմենուհի Սաուդյան Արաբիայից, ով 2012 թ. Մեծ Բրիտանիայում Օլիմպիական խաղերի ժամանակ 800 մ վազք է կատարել:

Այս հավաքածուն ստեղծելու համար դիզայներներին նաև ոգեշնչել է Ամնա ալ Հադադը՝ ԱՄԷ-ից ծանրորդ, ով այցելել է Nike-ի սպորտային հետազոտական լաբորատորիա: Սպորտսմենուհին օգնել է հիջաբի ավանդական տարբերակն ավելի թեթև և շնչող եղանակով ստեղծել:

«Սպորտսմենները մեզանից որևէ ապրանք էին խնդրում, որը կօգնի առավել լավ արդյունքների հասնել»,- հայտնում է Global Nike-ի մամուլի քարտուղար Մեգան Զաալֆելդը,- «և մենք հուսով ենք, որ կարողացել ենք կատարել նրանց խնդրանքը»: Հիջաբները, որոնք նեյտրալ և մուգ գույներ կունենան, վաճառքի կհանվեն 2018 թ. գարնանը: