20:51 , 12 մարտ, 2017Հայերն իրենց ներդրումն են ունեցել բժշկական բոլոր ոլորտների հայտնագործություններում՝ սկսած Մխիթար Հերացու 1184 թ. գրված «Ջերմանց մխիթարությունից» մինչև մերօրյա բժիշկների ավանդները:
Հայ բժիշկներն ու բժշկական հետազոտողները պատասխանատու են վերջին դարի կարևորագույն կենսական նորարարությունների համար:

Երիտասարդ տարիքում Վարազդատ Կազանջյանը փախուստի դիմեց Օսմանյան կայսրությունից, որտեղ մինչ համիդյան ջարդերը աշխատում էր տեղական փոստային գրասենյակում: Հաստատվելով Բոստոնում՝ նոր կյանք սկսելու համար, Վարազդատը սկսեց աշխատել տեղի մետաղալարի գործարանում, որտեղ էլ, ի ցույց դնելով գործիքների հետ աշխատելու իր ճարտարությունը, նրան հնարավորություն ընձեռնվեց Հարվարդի համալսարանում ատամնաբուժություն սովորելու: Համաշխարհային պատերազմի ժամանակ Կազանջյանն ուղարկվեց ֆրանսիական դիրքեր՝ բուժօգնություն ցույց տալու: Չնայած որ մասնագիտությամբ նա արդեն ատամնաբույժ էր, բայց պատերազմի ժամանակ գանգի տարբեր սարսափելի վնասվածքներ ստացած զինվորների հետ աշխատելիս սկսեց տարբեր հնարքներ կիրառել: Իր նորարարական պրոցեդուրաները նա իրականացնում էր ամենահասարակ պայմաններում՝ առաջնագծերին կից հիվանդանոցներում:
Բժիշկ Կազանջյանի ընթացակարգերը արագորեն զարգացրին պլաստիկ վիրահատության դաշտը, և նա ստացավ պատմության մեջ առաջին՝ Հարվարդի պլաստիկ վիրահատությունների պրոֆեսորի կոչում: Արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ Անգլիայի Գևորգ V-ի կողմից Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ շքանշանի, իսկ 1951 թ.՝ Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերակցության պատվավոր մրցանակի:

Չնայած որ օրգանների փոխպատվաստման ընթացակարգերը փորձարկվել են տասնամյակներ շարունակ, միևնույն է, դրանք չափազանց վտանգավոր էին և ձախողման մեծ ռիսկեր ունեին: Այս վիճակը փոխվեց շնորհիվ Ջոն Նաջարյանի աշխատանքի:
1954 թ. իր առաջին հաջող փորձը՝ երիկամի փոխպատվաստումը, երկար ճանապարհ բացեց բժշկի առջև: Չնայած այդ ճանապարհի ընթացքում ունեցած բազում դժվարություններին, բժիշկն ասում է, որ երբ փողոց է դուրս գալիս, բոլոր մարդիկ հավաքվում են և խնդրում սեղմել իր ձեռքը: Ըստ նրա՝ դրանից ավելի հաճելի զգացողություն գոյություն չունի: Նա հասցրել է միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկել:

Հրայր Շահինյանը համարվում է էնդոսկոպիկ վիրաբուժության հիմնադիրը: Այս եղանակով հնարավոր է բուժել գանգուղեղային մի շարք վնասվածքներ: 1981 թ., ավարտելով Բեյրութի Ամերիկյան համալսարանը, նա կրթությունը շարունակել է Չիկագոյի համալսարանի բժշկական դպրոցում, այնուհետև՝ մի շարք այլ ուսումնական հաստատություններում:
Նրա նորարարական մոտեցումը՝ էնդոսկոպիկ վիրաբուժությունը, փոխարինելու եկավ նախկինում գործածվող ինվազիվ մեթոդներին և մինչ օրս էլ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում՝ սկսած ԱՄՆ-ից, Կանադայից, մինչև Հարավային Կորեա: Բժիշկ Հրայր Շահինյանն իր գործունեության ընթացքում հրապարակել է ավելի քան 80 գիտական աշխատություններ, որոնք նվիրված են հենց էնդոսկոպիկ վիրաբուժությանը: