Մեքսիկայում գաղտնի հուղարկավորման վայրում գտնվել են մոտ 240 մարդու մնացորդներ


16:06 , 11 մարտ, 2017

Մեքսիկական Վերակրուս նահանգում զանգվածային հուղարկավորման վայրի պեղումների արդյունքում հայտնաբերվել են մոտ 240 մարդկանց մնացորդններ։ Այս մասին հայտնում է Telesur հեռուստաալիքը։

Բժիշկների տվյալներով՝ խոսքը 14-25 տարեկան աղջիկների ու տղաների մնացորդների մասին է։ Դեռևս պեղվել է հուղարկավորման վայրի կեսը, որը գտնվում է Կոլինաս-դե-Սանտա-Ֆե շրջանում։ Փորձագետները կարծում են, որ մարմինների ընդհանուր թիվը կարող է ավելին լինել։

2010 թվականից Վերակրուսում անհետ կորել է մոտ 720 մարդ։

Մեքսիկական ծոցի ափին գտնվող Վերակրուս նահանգը վաղուց դարձել է երկու հզոր թմրակարտելների («Լոս Զետաս» և «Ծոց») դիմակայության արենա։ Այդ երկու խմբավորումները մրցակցում են դեպի ԱՄՆ թմրանյութերի մատակարարումների վերահսկման հարցում։