00:01 , 18 մարտ, 2013Այսօր Տիգրան Հայրապետյանը կդառնար 49 տարեկան: Արդեն 14 տարի Տիգրանի խոսքը պակասում է մեզ:
Տիգրան Հայրապետյան քաղաքագետը հայկական մտաշխարհում երևաց պատմական կարևոր ու հազվագյուտ շրջադարձին, երբ հայ ժողովրդին կրկին շնորհվել էր ազգ դառնալու եւ պետություն կերտելու հնարավորությունը: Տիգրանը գտավ մեզ համար դեպի այս նեղ դուռն առաջնորդող ճանապարհը, որով քչերն են ի վիճակի անցնել, բայց որը նոր աշխարհակարգում արժանի տեղ ունենալու միակ հնարավորությունն է: Այդ ճանապարհը նա մեզ համար լուսավորեց Հոգու ազատության, Իմաստությամբ օծված ստեղծագործ Մտքի և Հավատի առաջնության խոսքով:
«Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»,- սիրում էր կրկնել Տիգրան Հայրապետյանը: Հատիկը գնաց, որպեսզի մենք հասկերն արարենք…
Տիգրան Հայրապետյանը ծնվել է Երեւանում 1964 թվի մարտի 18-ին, առավոտյան արեւի առաջին շողերի հետ: Կապուտաչյա, շիկագանգուր մազերով, զարմանալի դատողությամբ ու բնատուր խելքով օժտված մանուկը միշտ զարմացրել է շրջապատին, իսկ այդքան վաղ հասակից դրսեւորված հակումներն ու նպատակաուղղվածությունը նույնիսկ վախեցրել են ծնողներին: «Ուզում եմ կեսար դառնալ» - մանկական վառ երեւակայության մեջ տպավորված հեքիաթային հերոս-ասպետների հետ նույնացումը զիջել է պատմական հերոս-կերպարներին նմանվելու պատանեկան երազանքներին - «ուզում եմ կեսար դառնալ» - ինքնագիտակցության աստիճանական արթնացմամբ եւ մտածողության ձեւավորմամբ` հաղթական փայլի ու փառապանծ շքեղության տակ թաքնված ահռելի կամքի եւ գերմարդկային ուժի դրսեւորման, դաժան եւ արյունալի իրականության հեռանկարի ճանաչումը չի փոխել նրա կարծիքը, - «ուզում եմ կեսար դառնալ» - արդեն տարիների փորձառությամբ կուտակած իմաստությամբ այդ ճակատագրի ողջ ծանրությունն ու պատասխանատվության ահավոր բարձր աստիճանը գիտակցելով եւ ցանկացած զոհաբերության պատրաստ զինվորի հանդգնությամբ կրկնում էր նա:
Տիգրանն աշխատել էր սկսել 16 տարեկանից` ժամանակից շուտ հասունացումը նրա համար անընդունելի էր դարձել ծնողական խնամակալության շահարկումը: Չկար ծանր ու անհարգի աշխատանքից խորշանքը, ինչպես եւ չկար բեռներ տեղափոխելու կամ շինարարական-վերանորոգչական օգնության համար ծանոթների խնդրանքից հրաժարվելու գոռոզամտությունը: Իսկ երկրաշարժից հետո ամիսներ շարունակ նրա հիրավի անձնազոհ գործունեությունը դեռ երկար կմնա ավերված Սպիտակի բնակիչների հիշողության մեջ…
Ուսանողական առաջին տարիներին Տիգրանի պահվածքն ու խավային պատկանելության որեւէ պայմանականության կնիքի բացակայությունը նրա անձի շուրջ ձեւավորել էր խորհրդավորության շղարշ, որն ընդգծվում էր նաեւ իր յուրօրինակ ու տպավորող արտաքինի շնորհիվ: Հայտնվում էր կարճ ժամանակով` մասնակցելու միայն այն առարկաների դասախոսությունների, որոնց կարեւորություն էր տալիս: Տեղ գրավելով լսարանի հետին շարքերում` լուռ գրառումներ էր կատարում՝ առանձնահատուկ ցանկություն չցուցաբերելով մասնակցելու լսարանի ներսում եւ նրանից դուրս ընթացող խոսակցություն – վիճաբանություններին: Համալսարանի պատերի ներսում եւ նրանից դուրս Տիգրանն ուներ իր շրջապատը: Շատ հաճախ նրան կարելի էր հանդիպել համալսարանի միջանցքներում եւ մերձակա սրճարաններում՝ շրջապատված մտերիմներով, որտեղ նա բոլորովին այլ դերում էր: Դժվար չէր նկատել, որ նա շրջապատի ոգին էր: Երկնավառ ու կենսախինդ աչքերը, շանթարկիչ հայացքը, հեռարձակվող հոգեկան ջերմությունն ու ներգործուն խոսակցական առոգանությունը մագնիսական դաշտ էին ստեղծում ներկաների շուրջ: Իսկ շրջապատը խայտաբղետ էր` արտասահմանցիներ – սփյուռաքահայերից եւ բուհական կերպարներից մինչեւ բանվորական ծագումով երիտասարդներ ու մտավորական գիտունիկներ: Գիտակցու՞մ էր արդյոք նա այդ ժամանակ, որ հաճելի ժամանցի հետ մեկտեղ ապագա հրապարակախոսի ու համազգային ակտիվ գործչի հետ մեկտեղ ապագա հրապարակախոսի ու համազգային ակտիվ գործչի դպրոց էր անցնում:
Ղարաբաղյան շարժման ալիքը Տիգրան Հայրապետյանին հեղափոխության բեմահարթակ բարձրացրեց` վերջնականապես վճռելով նրա ապագա կյանքի ուղին: Խիզախությունը, որեւէ բռնության եւ ռեպրեսիայի նկատմամբ արհամարհանքը, ինքնապահպանման նորմալ բնազդի բացարձակ բացակայությունը եւ կարեւոր պահերին պատասխանատու որոշումներ ընդունելու եւ չընկրկելու կամքը, որ նա դրսեւորեց շարժման առաջին իսկ պահից, համախոհների փոքրաթիվ խմբի հետ, որոշիչ նշանակություն է ունեցել նորաբուխ շարժման հետագա ընթացքի համար: Հետագա իրադարձություններում էլ նա շարունակում էր առանցքային դեր խաղալ: Մեր ժամանակների տարբեր հեղափոխությունների եւ ազատագրական պայքարների փորձի խոր ուսումնասիրությունն օգնում էր Տիգրանին շարժումն ինքնաբուխ զգացմունքային ընթացքից պրոֆեսիոնալ հունի մեջ կողմնորոշելու համար:
Տիգրան Հայրապետյանը մոտ 400 հրապարակումների հեղինակ էր, 1992-94 թթ. «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբանն էր, 1992-93թթ. –ին՝ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» հիմնադիրը և տնօրենը, 1993-95 թթ.-ին՝ «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր և հետազոտությունների գծով փոխտնօրենը, այնուհետև՝ «Մոլորակ» թերթի քաղաքական մեկնաբանը, «Նոր ուղի» քաղաքական-վերլուծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Արվել էր ամեն ինչ Տիգրանի մասնագիտական ու մարդկային «բլոկադայի» համար, նրա գործունեությունը մնաց սահմանափակված հրապարակախոսական և վերլուծական հոդվածների տպագրության շրջանակներում, այն էլ ընդհատումներով: «Այս ոլորտում ես վաղուց ավարտել եմ իմ գործը և ասելիքը, այն, ինչ գրում եմ հիմա, իրականում վերաշարադրանք է: Ես մեռնում եմ դանդաղ ստեղծագործական մահով, մինչդեռ ուրիշ հարթության մեջ այնքան գործ կա անելու…»,- հաճախ էր կրկնում նա, չնայած այդ շրջանում ստորագրում էր բոլոր առումներով երևի թե իր լավագույն աշխատանքները: Կարելի է ասել, թե ճակատագիրը փակում էր նրա առաջ բոլոր դռները, որոնք դեպի ակտիվ քաղաքական գործունեության ասպարեզ էին տանում` Տիգրանի եթե ոչ իրական կոչումը, ապա իր հնարավորությունների և ընդունակությունների իրական չափով հայրենիքին ծառայելու իր համոզումը: Ճակատագի՞րը, թե՞ մի ուրիշ, ոչ թե կույր ու քմահաճ, այլ ռեալ ու հաշվարկող ուժ, որն ամենևին շահագրգռված չէր նախանշած սցենարից դուրս կատարողական որևէ ինքնուրույն պոռթկման մեջ: Անձնապես Տիգրանի համար երկմտության տեղ չկար, քանզի հիանալի հասկանում էր խաղի օրենքները և «պատահականության» օրինաչափությունները: Բայցև միաժամանակ համոզված էր, որ ցանկացած պարագայում «ընտրության իրավունքը սուրբ է», որ իրականում այն երբեք չի դադարում միակ որոշիչը լինել: Եվ տառապում էր մարդկանց էությունն ու իրերի ընթացքը շրջափոխելու` հազարամյա անհնարինության գիտակցման ցավից, «ամենիմացության» խավարն ու թերհավատության թուխպը հաղթահարելու անզորությունից, մարդկանց կյանքի նորմալ ու սովորական հունն իր գոյությամբ խանգարելու և հասարակության համար այլևս ավելորդ լինելու զգացողությունից: «Մարգարեն հարգված չէ իր հայրենիքում…»:
Տիգրան Հայրապետյանը նախանձախնդիր ու խորագետ ճամփորդ էր, պահը եւ ժամանակը բաղադրող, որ ծնվել էր «հակառակ առարկայական միջավայրի» եւ այդպես էլ զորեց ապրել...
Ստորև առաջարկում ենք ընթերցել Տիգրան Հայրապետյանի լավագույն գործերից մեկը՝
ԵԹԵ ՄՈՄԸ ՍԵՂԱՆԻ ՏԱԿ ՉԵՍ ՊԱՀՈՒՄ, 1997թ.
Եթե մոմը սեղանի տակ չես պահում, աչք է ծակում: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավել եւս՝ գործող նախագահի կամ անբան ընդդիմության՝ այն դատապարտում են մարելու: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, աղանդավոր, կարեւոր չէ ով, բայց հաստատ մի ինչ-որ բան, թե չէ ինչո՞ւ մոմը սեղանի տակ չես պահում:
Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, եւ մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ահա այս երկաթյա տրամաբանությամբ զինված՝ մարիչները հոգու եւ գիտակցության մեջ մեխած, շուրջ բոլորը խավար եք տարածում եւ դեռ հրճվում՝ բա ինչո՞ւ նա մոմը սեղանի տակ չի պահում:
Ասված է՝ «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ հայերի համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեին, թե ոչ՝ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր եւ կկարողանային ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքը այս ժողովրդին եւս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթը արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ...: Յունգը սա կոչում է ենթագիտակցության մակարդակում քարացած զանգվածային փսիխոզ, համեմատում է կենդանիների խմբային ինքնասպանության բնազդային դրսեւորումների հետ եւ գտնում է, որ զանգվածն այս ցիկլից առանց արնաթողության դուրս գալ չի կարող, իսկ արնաթողության առաջին քայլ է դիտում փսիխոզին դիմադրող միավորների ոտնատակությունը հիվանդ մեծամասնության կողմից, քանզի ոչ միայն մարդկային հասարակություններում, այլեւ նույնիսկ կենդանական հոտերում բնությունը փսիխոզին դիմադրելու կոչված տարրեր է ստեղծում: Բայց մենք գերմանացի կամ ռուս չենք եւ երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնապաքինման անընդունակության դիմաց:
Դիմադրության շարժումը անկասելի անկում է ապրում, իր շարքերից զոհեր բաշխելով՝ հիվանդ մեծամասնության անթաքույց հրճվանքի ներքո: Այլեւս «ով մեզ հետ չէ՝ ապրելու իրավունք չունի» սկզբունքի մամլիչի մեջ պարաֆինացվում են նրանք, ովքեր գոնե տեսականորեն պետք է մոմը սեղանի տակ չպահողներ դառնային: Ողորմի Յունգին, եւ նրա հայրն էլ անիծած, քանզի ոչ մի ցանկություն չկա տասնամյակների հեռավորությունից կրկնել ծերուկի օրինակը եւ կորսված մարմինների ու հոգիների վրա ներողամիտ հայացք գցելով արձանագրել՝ «տեսաք, որ ես ճիշտ էի, իսկ չէ որ ես ձեզ նախազգուշացնում էի», ու ինքնաբավարարվածությունից հագեցած` շարունակել տեսական դատողություններ անել, որ այս եւ այս պայմաններում, այս եւ այս գործողությունների դեպքում զանգվածային փսիխոզը կարելի կլիներ բուժել, պահպանել հայրենիքն ու մարդկանց: Իսկ առայժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնարդարացմամբ ստիպված ես համակերպվել մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որը մեզ եւ մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք եւ պարոնայք՝ սա է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, եւ նրանում է ձեւակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքը ընդհանրապես: Ընթերցեք եւ գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ:
Տիգրան Հայրապետյանի այլ հոդվածներ կարող եք կարդալ այստեղ