18:14 , 16 մարտ, 2013
Շատ պատահաբար կարդացի սույն գրառումը. «Ընդհանուր առամամբ, դրամական միջոցներ չի հայտարարագրել 21 պատգամավոր։ Զրոյական միջոցներ հայտարարագրած պատգամավորներից 12-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Նրանց թվում են, օրինակ, Կարեն Ավագյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և այլք։ ԲՀԿ-ից դրամական միջոցներ չեն հայտարարագրել Ռուստամ Գասպարյանը, Վահան Բաբյանը և ևս 2 հոգի»։ Պարզվում է, որ «խեղճ» Կարեն Ավագյանը դրամական միջոցներ չունի, եվրո ու դոլար չունի, ապրում է աղքատ Ղազարոսի նման, հարևան շենքի բակի խանութում էլ պարտքերի ցուցակում առաջինն իր անունն է գրված... Փող չունի Խոսրով Հարությունյանը... Փող չունի՞ Խոսրով Հարությունյանը: Չհաշվենք բենզալցակայանը, ահռելի անշարժ գույքը, տանից գողացված մի քանի տասնյակ հազար դոլարն ու ոսկեղենը, որոնց մասին լռեց... Պարզվում է, որ Շմայսն էլ ոչ մի դրամական միջոց չունի... Ուրեմն, Հայաստանի թիվ մեկ աղքատն է... Առաջարկում եմ ազգովի դրամահավաք սկսել, որ ՀՀԿ-ական այս աղքատները հանկարծ սովից չմեռնեն: Սովից չմեռնի նաև Ռազմիկ Զոհրաբյանը, որին հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի քանի հազար դոլար էր ամեն ամիս նվեր տալիս՝ որպես «գրպանի մանր ծախս»...
Շատ քիչ՝ ընդամենը 20 հազար դոլար է հայտարարագրել նաև ՀՀՇ նախկին առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը... Էս «աղքատն» էլ երևի «մոռացել» է իր հէկերի մասին հիշել...
***
Ինչքան էլ կեղծել ու թաքցրել են իրական տվյալները, բայց թեկուզ ներկայացվածն էլ լուրջ մտահոգություն է ծնում...
ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել են 15.2 միլիարդ դրամ, 70 միլիոն դոլար և 23.7 միլիոն եվրո: Դոլարային արտահայտությամբ ընդհանուր մեծությունն ավելի քան 138 միլիոն դոլար է: Այսինքն` յուրաքանչյուր պատգամավորի միջին կարողությունը 1 միլիոն դոլարից քիչ ավելի է։