22:30 , 8 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է. Կարեն Կարապետյանը մարզ կատարած այցի ընթացքում եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերութունում, շրջայցի ընթացքում ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Ընկերության ողջ պլանտացիան ոռոգվում է կաթիլային համակարգով՝ ապահովելով բարձր արդյունավետություն ջրի և էներգիայի հարցում: Ներկայում գործարանը տարեկան արտադրում է 1,2 մլն շիշ գինի, իսկ գործարանի հզորությունը 3 մլն շիշ է: Գինին արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ բոլոր երկրներ, Լիբանան և Հորդանան: «Տիեռաս դե Արմենիա»-ում վարչապետ Կարապետյանը հանդիպել է առանձին արտադրողների և գործարարների հետ, քննարկել գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսությունների զարգացման հեռանկարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ախտորոշել է ոլորտում առկա խնդիրները և այժմ մշակում է զարգացման ռազմավարությունը՝ կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ:
Կարեն Կարապետյանն այցելել է Բաղրամյանի «Լևոն Գալչյան» արվեստի կենտրոն, որտեղ վարչապետին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը: Այն մասնագիտացված է կավագործության, դարբնագործության, ատաղձագործության ու ասեղնագործության ուսուցմամբ: Նշվել է, որ տարեկան կենտրոն է այցելում 70 երեխա, ովքեր այստեղ ստանում են անվճար ուսուցում: Արվեստանոցը հնարավորություն է տալիս պատանիներին ու աղջիկներին հաճախել արհեստների դասաժամերի, ինչպես նաև ցուցադրել իրենց հեղինակային գործերը տարբեր միջոցառումների ժամանակ:
Վարչապետն այցելել է նաև Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհի Տիգրանուհի Հարությունյանին՝ շնորհավորել նրան Կանանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել երկար տարիների մանկավարժական արդյունավետ գործունեության համար: