Հիվանդանոց տեղափոխված Լեւոն Ջուլֆալակյանին ստենտավորել են


12:18 , 8 մարտ, 2017

Aravot.am-ը գրում է.

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կիեւում անցկացված ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ժամանակ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Առավոտը» օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել նրա կամ նրա հարազատների հետ, սակայն բոլորն էլ անհասանելի էին: Սակայն ուշ երեկոյան հավատ ներշնչող այլ աղբյուրները մեզ տեղեկացրին, որ Լեւոն Ջուլֆալակյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է ախտորոշվել, բժիշկները նրա սիրտը ստենտավորել են եւ մարզչի ինքնազգացողությունը նորմայի սահմաններում է:

Հիշեցնենք, որ Լեւոն Ջուլֆալակյանը սրտի հետ կապված խնդիր մի որոշ ժամանակ առաջ էլի էր ունեցել Ծաղկաձորում, ինչը ամենօրյա լարված աշխատանքի, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի հետեւանք էր: