Սիրախաղի կանոնները


19:07 , 16 մարտ, 2013

Դպրոցի հետ երեքամսյա բաժանումից հետո քեզ հաճելի անակնկալ է սպասվում. ամռան ընթացքում տղաները լրջացել ու գեղեցկացել են: Աչքերով կրակելու և սեթևեթելու ճիշտ ժամանակն է: Ուզո՞ւմ ես գերազանց ստանալ սիրախաղի այս դպրոցում. ուրեմն` ուշադիր կարդա:

Տնային առաջադրանք

Ո՞րն է էությունը: Համաձայնիր, առանց տնային առաջադրանքների դժվար է սովորել նույնիսկ ամենահեշտ առարկան (եթե, իհարկե, այն ֆիզկուլտուրան չէ): Դա ընկալման օրենքն է. որպեսզի հիշենք նորը, անպայման պետք է ոչ միայն ուշադիր լինենք դասերին և գիտելիքները ստուգենք ստուգողական աշխատանքներով, այլև տանը զարգացնենք մեր հմտությունները: Կարծում ես՝ սիրախաղում ամեն ինչ ա՞յլ կերպ է: Իզուր:

Ինչպե՞ս վարվել: Սկզբում կողմնորոշվիր՝ ինչու ես սիրաբանում հատկապես այդ տղայի հետ: Չէ՞ որ սիրախաղը բազմակողմ է. երբեմն ձանձրույթի պատճառով հայացքդ գցում ես հարևան սեղանի տղայի վրա, իսկ ահա բարձր դասարանցի Հայկի հետ հաճոյախոսում ես, որովհետև ցանկանում ես նրա հետ հանդիպել: Լսիր ներքին ձայնիդ և կոնկրետացրու նպատակներդ. այդ դեպքում քեզ համար հեշտ կլինի կատարել սիրախաղի «առաջադրանքները»:

Կարևոր է: Առանց ինքնավստահության սիրախաղ հնարավոր չէ: Եթե այդ հարցում տեսանելի թերություններ կան, զբաղվիր դրանցով: Այո, բոլոր այն տափակ արտահայտությունները «ես ամենալավն եմ, ամենագեղեցիկն եմ, ամենագրավիչն եմ», իսկապես ազդում են: Փորձիր, ամեն առավոտ հայելու մեջ նայելով ինքդ քեզ ժպտալ և հաճելի խոսքեր ասել: Եվ ոչ մի ժխտական «չ» մասնիկ` «ես տգեղ չեմ». այդպես վատ է, իսկ ահա «ես գեղեցիկ եմ»՝ լավ է: Կտեսնես՝ քիչ ժամանակ անց ինքնավստահությունդ կփոխանցվի շրջապատիդ, այդ թվում` նրան, ում ուզում ես գրավել:

Դասեր

Ո՞րն է էությունը: Ուսման մեջ շրջանցելու շատ ուղիներ կան, որոնք թույլ են տալիս քիչ ջանք թափելով ստանալ գնահատականներ: Դա, իհարկե, այնքան էլ ազնիվ չէ, բայց երբեմն գործածական է: Սիրախաղի արվեստում նույնպես պարտադիր չէ անգիր անել տեսությունը: Գլխավորը՝ ճիշտ ռիթմի մեջ ընկնել:

Ինչպե՞ս վարվել: Գործի անցնելու ժամանակն է: Ականջ դիր ցանկություններիդ և շարժիր երևակայությունդ: Թեև կարելի է փորձել դասականը. այդ հնարքները գոյություն ունեին դեռ հարյուր տարի առաջ. կազմակերպիր անսպասելի հանդիպումներ, անմեղ երկտողեր գրիր, հայացքով նետահարիր նրան, երբ դաս է պատասխանում գրատախտակի մոտ: Կարող ես անանուն նամակ ուղարկել ինտերնետով: Օրինակ` ուղարկիր նախադասության առանձին բառեր՝ սկսելով վերջինից: Պատկերացնո՞ւմ ես, սկզբում նա ստանում է «դու», հետո՝ «տղան ես» և միայն որոշ ժամանակ հետո՝ ողջ նամակը. «Դու ամենալավ տղան ես»: Համաձայնիր, այդպիսի նամակը երկար ժամանակ կհիշի :)

Կարևոր է: Գլխավորը՝ գործիր ուրախ: Իսկ սխալվելու մեջ ահավոր ոչ մի բան չկա, չէ՞ որ դրանով արտահայտում ես քեզ ու հետաքրքրությունդ:

Լաբորատոր աշխատանք

Ո՞րն է էությունը: Լաբորատոր աշխատանքում ամենագլխավորը ռեակցիայի ընթացքին հետևելն է: Հակառակ դեպքում կարող ես պատահաբար պայթեցնել քիմիայի դասասենյակը: Նույն կերպ և սիրախաղի արվեստում. եթե չես ուզում այրվել, հետևիր նրա ռեակցիային :)

Ինչպե՞ս վարվել: Գործիր Շերլոք Հոլմսի պես: Հետևիր` ինչպես է տղան իրեն պահում, ինչի՞ մասին է խոսում, ինչի՞ վրա է ծիծաղում: Ուշադիր ուսումնասիրելով նրան՝ կհասկանաս՝ նա՞ է քո հերոսը: Եթե նա մշտապես հակաճառում է ուսուցիչներին, ապա քեզ հետ էլ կվիճի: Դա քեզ բավարարո՞ւմ է: Այդ դեպքում հարմարվիր նրա բնավորությանը, որպեսզի սիրախաղին մոտենաս գիտակցաբար` ինչպես պրոֆեսիոնալը:

Կարևոր է: Ուշադրություն դարձրու նրա դիմախաղին ու շարժուձևին և փորձիր կրկնօրինակել: Եթե դա խելամտորեն անես, ապա համակրանք կառաջացնես. նա կկարծի, որ նման եք իրար: Եվ մի ձգձգիր ՙլաբորատոր աշխատանքները՚ :)

Դասամիջոցներ

Ո՞րն է էությունը: Հանգստանալ և ուրախանալ բոլորն են սիրում: Դրա համար էլ դպրոցում գոյություն ունեն դասամիջոցները՝ առանձին կյանք` իր օրենքներով: Եթե ուզում ես տղայի սիրտը գերել, նրա ուրախության մասնակիցը դարձիր. ընդհանուր ծիծաղը վայրկենապես մտերմացնում է մարդկանց:

Ինչպե՞ս վարվել: Մշտապես արցունքներ, մռայլ հագուստներ, զրույցներ տխուր բաների մասին... Դա գեղեցիկ է միայն ֆիլմերում, իսկ կյանքում զավեշտալի է: Մի կողմ թող մռայլ արքայադստեր կերպարը և ժպտա: Հնարավոր է` նա կցանկանա ծիծաղել քեզ հետ:

Կարևոր է: Հիշիր, ինչն է ուրախացնում քեզ և գտիր ընդհանուր հատման կետեր: Հնարավոր է` երկուսդ էլ պաշտում եք ատրակցիոնները, թեև շջապատում բոլորը դա անիմաստ զբաղմունք են համարում: Միասին գնալ կինոթատրոն, ասֆալտին կավիճով նկարել... Կարևոր չէ՝ ինչ եք անում, գլխավորը՝ որքան միասին ուրախ ժամանակ անցկացնեք, այնքան ավելի նրան դուր կգաս:

Ստուգողական աշխատանք

Ո՞րն է էությունը: Ոչ միշտ է ստուգողականը սարսափելի: Եթե հասցրել ես պատրաստվել, ապա միայն կուրախանաս՝ առաջադրանքը արագ կատարելով: Սիրախաղում նույնպես պետք են յուրահատուկ ստուգողական կետեր, հարաբերությունների տարբեր փուլերի մեջ փոքրիկ կամուրջներ: Եթե դրանք չլինեն, ձեր սիրախաղը այդպես էլ չի վերածվի լուրջ սիրավեպի:

Ինչպե՞ս վարվել: Հարյուր անգամ մտածիր՝ քեզ իսկապես պե՞տք է այդ տղան: Սիրաբանել կարող ես շատերի հետ, իսկ լուրջ հարաբերություններ ստեղծել միայն մեկի՝ ամենալավի, ամենասիրելիի հետ: Վստա՞հ ես, որ իսկապես սիրահարված ես: Այդ դեպքում փորձիր գործը հասցնել կարևոր խոստովանության:

Կարևոր է: Տղաների համար էլ է դժվար զգացմունքների մասին խոստովանելը: Դրա համար փորձիր թակարդ լարել. համապատասխան մթնոլորտ ստեղծիր, նրա համար համեղ կերակուր պատրաստիր: Իսկ եթե հապաղում է՝ ինքդ խոստովանիր: Շունչ քաշիր և հանգստացիր, նյարդայնանալու կարիք չկա: Ի՞նչ վատ բան կա նրանում, որ բացեիբաց խոսես գեղեցիկ զգացմունքներիդ մասին: Ընտրյալիդ դա կապշեցնի: Ի դեպ, պետք չէ վախենալ մերժումից. չէ՞ որ արդեն սիրախաղի դպրոցի իսկական շրջանավարտ ես :)

Ի՞նչ չի կարելի ասել տղային, եթե նա քեզ դուր է գալիս

«Մենք երեք երեխա կունենանք, մեծ տուն, չորս փոքրիկ տաքսա, այնպես չէ՞, սիրելիս»

«Իմ նախկին ընկերը ինձ միշտ վարդ էր նվիրում»

«Քեզանից լավ եմ գլուխ հանում մեքենաներից, այնպես որ մի վիճիր»

«Իմ հետևից հարյուրավոր տղաներ են եկել, բայց ես քեզ եմ ընտրել, գնահատիր դա»

«Այնքան տխուր եմ, ուրախացրու ինձ»

«Խաղում էի քեզ հետ, որովհետև սիրախաղի կանոններն էի սովորում: Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիր սովորել»: