Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


14:32 , 7 մարտ, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 7-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:

Նախարար Տոնոյանը Ա. Կասպրչիկին ներկայացրեց մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում  սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝  նախանշեց ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Դ. Տոնոյանն ու Ա. Կասպրչիկն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվեցին կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը: