Ինչ են քննարկելու Լավրովը և Մամեդյարովը. ՌԴ ԱԳՆ


10:15 , 6 մարտ, 2017

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովն այսօր բանակցություններ են անցկացնելու, որի ընթացքում կքննարկեն առանցքային տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Մամեդյարովը Լավրովի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:

Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, որը նշվելու է ապրիլի 4-ին:

«Ռուսաստանն ավելի քան 2 տասնամյակ է առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նախարարությունում նաև ընդգծել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես նշել են գերատեսչությունում, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա: Ներկայում երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր: