14:15 , 4 մարտ, 2017Հալաբյան 59/40. սա մանկական ուղեղային կաթվածով երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի նոր հասցեն է, որի՝ մարտի 3-ին կայացած պաշտոնական բացմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը:
Պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ, կենտրոնի անդամ երեխաներ ու ծնողներ, լրագրողներ. կենտրոնն իր հարկի տակ համախմբել էր բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաների խնդիրների նկատմամբ:
Նախկին նեղլիկ ու փոքր մակերեսով «Երազի տան» փոխարեն «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության ջանքերով, բազմաթիվ պատվախնդիր մարդկանց բարի կամքի ու շուրջ 150 բարերարների շնորհիվ ստեղծվել է ընդարձակ, միջազգային գրեթե բոլոր պահանջներին համապատասխանող մի կենտրոն, որն իր լուսավոր, վառ ու աչք շոյող վերանորոգմամբ ավելի շատ մանկական ուրախ ու անհոգ ժամանցի վայր է հիշեցնում:

Կենտրոնի մուտքում պատվո պատն է՝ «Երազի տան» բոլոր բարերարների անուններով: Ամենավերևում Մարիամ և Սուրեն Ենգիբարյաններն են՝ առաջին բարերարները, ովքեր միանգամից 17 000 դոլար փոխանցում արեցին: Սաթենիկ Սարգսյան, Քրիստինա Սաֆարյան, Երևանի քաղաքապետարան, Արև Ղազարյան, Ալլա և Աննա Քուշկյաններ, 12 club, «Իդեալ» համակարգ, «Նոր տուն», Գազպրոմ, Նառա Գրիգորյան, VTB Հայաստան բանկ, Armenian Charity Runners Team, Yerevan Half Marathon Team, EGA silhouette, Yes Republic, Barry ընկերություն, Տիգրան Սարգսյան, Վահագն Համբարձումյան. թվով 150 անուններ, որոնք ամեն անգամ այս կենտրոն մուտք գործող հաշմանդամ երեխաների ու նրանց ծնողների կողմից շնորհակալության են արժանանում:



Ջրային թերապիա, արտ թերապիա, մերսում, կինեզոթերապիա, հոգեբանի օգնություն. ի տարբերություն նախկին տարիների քաշքշուկների ու մի կենտրոնից մյուսը տեղափոխվելու տրանսպորտային դժվարությունների՝ նորաբաց «Երազի տան» շնորհիվ այսուհետ բոլոր այս կարևոր ու անհրաժեշտ ծառայությունները ՄՈՒԿ ունեցող 1-17 տարեկան (ՀՀ ողջ տարածքից) թվով 250 երեխաներ անվճար հիմունքներով կստանան մեկ վայրում, ինչը, բացի ծնողների հոգսերը թեթևացնելուց, նաև բազմապատկում է բուժման արդյունավետությունը:

«Մենք փորձել ենք կոտրել բոլոր կարծրատիպերն ու ստանալ հեքիաթային մի կենտրոն, որը մեզ այցելող երեխաներին ոչնչով չի հուշի, որ նա ասյտեղ է, որովհետև ֆիզիկական խնդիրներ ունի: Սա կլինի մի վայր, որտեղ երեխաները ուրախանալու, իսկ ծնողներն էլ՝ հոգսերից մի փոքր կտրվելու ու հանգստանալու հնարավորություն կունենան: Մենք հավատում ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կարող են ապրել լիարժեք կյանքով և այն արհեստական խոչընդոտները, որոնք կան մեր երկրում, հույս ունենք՝ կամաց-կամաց կվերանան, և այսպիսի կենտրոնները կշատանան ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի մարզերում ու Արցախում ևս: Մաքսիմալ լիարժեք զգալու հնարավորություն՝ տարրական, մարդկային մի բան, որի իրավունքը ունի ցանկացած մարդ, այդ թվում՝ մանկական ուղեղային կաթվածով երեխան»,- միջոցառման բացման խոսքում նշեց «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը:


«Մասնագիտացվածության առումով կենտրոնը միակն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, որովհետև այստեղ կան հստակ չափորոշիչներ, որոնք պահպանված են և օգնում են համակարգված օգնություն և թերապիա կազմակերպել: Ուսումնասիրել ենք և գիտենք, որ այսպիսի կենտրոն չկա ո՛չ Վրաստանում, ո՛չ Իրանում: Այս կենտրոնը իսկապես մեր հասարակության բարի կամքի լավագույն դրսևորումն է: Չկան դոնորներ, հատուկ մեկենասներ կամ մեծ բարերարներ: Սա բոլոր 150 բարերարների ներդրումների արդյունքն է, որոնք խճանկարի պես հավաքվել, ու այսօր ահա այս պատկերն է ստացվել»,- նշում է «Հայ մայրեր» ՀԿ խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը:

Իսկ թե որքանով է մեր հասարակության մեջ ձևավորված բարեգործության մշակույթը, դերասանուհին այսպես է պատասխանում. «Հայ ազգը շատ ջերմ ու նվիրված է իր յուրայինին: Ես չգիտեմ մեկին, ով պատրաստ չլինի կիսել իր ունեցած հարյուր դրամը մեկի հետ, ով ունի դրա կարիքը: Սակայն բարեգործության ողջ հոգսը միայն ժողովրդի ուսերին չպետք է լինի: Բարեգործությունն անձնական հիգիենայի նման մի բան է և առաջին հերթին այն քեզ, քո հոգուն է թեթևություն բերում: Շատ կցանկանայի, որ Հայաստանում բարեգործության մշակույթը զարգացում ապրեր: Եվ ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Օրինակը այս «Երազի տունն» է, որն ամբողջովին բարերարների բարի կամքի դրսևորման արդյունք է»:
Միջոցառմանը ներկա բարերար Վահագն Համբարձումյանի համար ցանկացած նվիրատվության լավագույն գնահատականն ու շնորհակալությունն այն է, երբ տեսնում է, որ նվիրաբերած անգամ մի փոքր լումայի շնորհիվ ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ մի բան դեպի լավն է գնում. «Այս երեխաների աչքերին եթե նայեք, ապա կհասկանաք, որ ամենաշատը նրանց խնամք, հասարակության ուշադրություն ու Նարինեի նման ուժեղ մարդկանց ձեռք է պետք: Միայն տեսեք՝ ինչ երազանքի տուն է ստեղծվել այստեղ, այսքան գեղեցիկ, լուսավոր, ինչպես են փայլում այս երեխաների աչքերը»:

Հուզված, երջանիկ և ապագա անելիքների հստակ պլաններն արդեն կազմած Նարինե Մանուկյանն ասում է, որ այս կենտրոնի ստեղծումը հերթական փորձառությունն է իր կյանքում, որն ապացուցում է, որ շատ մեծ ցանկության ու համառ ջանքերի շնորհիվ իրականություն կարելի է դարձնել գրեթե ցանկացած երազանք. «Մեր «Երազի տանը» մենք կկարողանանք ընդունել մեր բալիկներին, կազմակերպել նրանց համար համալիր թերապիաներ, ուրախ միջոցառումներ: Այս կենտրոնում մենք կկազմակերպենք նաև մեր օրթոպեդիկ կոշիկների և հաշմանդամության գույքի հատկացման ծառայություններ, ինչը նախկինում կազմակերպում էինք, որտեղ որ ստացվում էր: Սա մանկական ուղեղային կաթվածով երեխաների ծնողների համար մի վայր կլինի, որտեղ նրանք ևս հանգստի, ժամանցի հնարավորություն կունենան»:




Անդրադառնալով ներառական հասարակություն ստեղծելու մեր երկրի քայլերին՝ Նարինե Մանուկյանը նշում է. «Մեր երկրում ներառական հասարակության ստեղծման առաջին քայլերն արդեն վաղուց արված են, սակայն այս գործընթացը շատ դանդաղ տեմպերով է առաջ ընթանում: Կցանկանայի, որ մեր պետությունն այս հարցում ավելի ակտիվ քայլերի գնա, և նմանօրինակ մի քանի կենտրոններ ևս ստեղծվեն, և հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ օր առաջ հասարակություն ինտեգրվեն ու ապրեն լիարժեք կյանքով: Դեռ կա այն ոչ ցանկալի երևույթը, երբ մեր հասարակությունը հաշմանդամ մարդու մեջ առաջնահերթ նկատում է նրա սահմանափակումները, այլ ոչ թե առավելություններն ու հնարավորությունները: Ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր երկրում ևս հաշմանդամություն ունեցող մարդը կունենա ինքնադրսևորվելու, կայանալու և, ինչու չէ, իր հայրենիքի համար լիարժեք քաղաքացի դառնալու բոլոր հնարավորությունները»:




Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի