Լեոնիդ Ենգիբարյան. թարգմանություններ


11:50 , 16 մարտ, 2013

Կատուն

Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․
-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։
Եւ Մեծն Աստվածուհին ասաց․
- Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։
-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։
-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։
Եւ կատուն վերածվեց կնոջ:
Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
Եւ տղան էլ կատվին սիրեց։
Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։
Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։
Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։
Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

Լապտերները

Գիշեր է:
Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով  շարված լապտերները արտասվում են:
Ինչի՞ մասին:
Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:
Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։

Առաջ

Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, եւ իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։
Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։

Արտիստին

Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…
Իսկ այսօր դու կրկին  Ճանապարհին ես,  եւ  քեզ հետ է նորից Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

Ճանապարհը

Մեկնում եմ:
Ես վաղը կմեկնեմ:
Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:
Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:
Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ,  որովհետեւ ամեն մի  վագոնը մի հարյուրամյակ է:
Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ: