Հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու Ադրբեջանի հայտարարությունը զառանցանք է. Սենոր Հասրաթյան


23:30 , 2 մարտ, 2017

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը զառանցանք է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին տեղեկատվությունը:

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը տարածեց սեփական զինուժի կողմից օրվա ընթացքում գրանցած հերթական «հաջողության» մասին հերթական զառանցանքը: Այս անգամ հարևան վայ քարոզիչների երևակայության թիրախում է հայտնվել հայկական «խոցված» անօդաչու թռչող սարքը: Դե, իհարկե, չեն մոռացել հաղորդագրությանը կից տեղադրել նաև կատարվածը հաստատող «անհերքելի ապացույց»՝ այս անգամ արդեն լուսանկարի տեսքով… Չզարմանաք, ընդունեք որպես հիմար սովորության հերթական դրսևորում…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը: